Foto

Թուրքիան նոր ռազմական համաձայնագրի շրջանակում Սիրիային զենք և զինտեխնիկա կտրամադրի

Թուրքիան Սիրիային կտրամադրի զենք, ռազմական տեխնիկա և լոգիստիկ աջակցություն՝ վերջերս ստորագրված պաշտպանական համագործակցության համաձայնագրի շրջանակում, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին։

Հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրի կողմից ռազմական ուսուցման և խորհրդատվական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից մեկ օր անց, որն ամրապնդում է Թուրքիայի աջակցությունը Սիրիայի ժամանակավոր կառավարությանը։

Սիրիան անցյալ ամիս Թուրքիայից աջակցություն է խնդրել՝ երկրում կրոնական բռնություններից հետո, որոնք հանգեցրել են նաև Իսրայելի միջամտությանը, իր պաշտպանական կարողությունները հզորացնելու համար։ Ըստ համաձայնագրի՝ Թուրքիան կփոխանակվի իր «գիտելիքներով և փորձով» և կմատակարարի ռազմական տեխնիկա, զենքի համակարգեր և լոգիստիկ նյութեր՝ երկրի կարողությունները հզորացնելու համար, հայտարարել են Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնյաները։

Թուրքիան աջակցում է Սիրիայի նոր վարչակազմին, որը հիմնականում կազմված է քաղաքացիական պատերազմի ժամանակ Անկարայի աջակցությունը վայելող ապստամբներից։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը չորեքշաբթի Իսրայելին և քուրդ զինյալներին կոչ արեց «դադարեցնել Սիրիայի կայունությանը սպառնացող գործողությունները»՝ նրանց մեղադրելով «մեկ տասնամյակից ավելի տևած քաղաքացիական պատերազմից հետո երկրի վերականգնման ջանքերը խաթարելու» մեջ։