Foto

Հրշեջ-փրկարարները կանխել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների տարածումը

Օգոստոսի 6-13-ը ՆԳՆ Փրկարար ծառայության Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ մի շարք ահազանգեր են ստացվել խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Ահազանգերն արձանագրվել են մասնավորապես Տավուշի մարզի Բերդավան, Սևքար, Այգեձոր, Չորաթան, Մովսես, Կոտայքի մարզի Ալափարս, Կամարիս, Զովունի, Քարաշամբ, Սյունիքի մարզի Շինուհայր, Սրաշեն, Շիրակի մարզի Վարդաքար, Հայրենյաց, Գեղարքունիքի մարզի Գանձակ բնակավայրերում, Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհին: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Փրկարար ծառայությունն օպերատիվորեն արձագանքել է բոլոր ահազանգերին՝ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավելով մարզային ստորաբաժանումների ուժերն ու միջոցները, այդ թվում՝ ազատ հերթափոխից: 

Ձեռնարկված արդյունավետ և նպատակաուղղված հրդեհաշիջման գործողությունների արդյունքում, որոնք իրականացվել են շուրջ 10 հա և ավելի տարածք ընդգրկող տեղանքներում, հրշեջ-փրկարարները հմուտ և օպերատիվ կերպով պայքարել են հրդեհների դեմ՝ մարելով և կանխելով դրանց տարածումը, պաշտպանելով բնակավայրերն ու բնությունը:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատներից կամավորներ, էկոպարեկային ծառայության ներկայացուցիչներ և քաղաքացիներ։

ՆԳՆ Փրկարար ծառայությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները՝ հատկապես անտառամերձ հատվածներում և հանգստյան գոտիներում։