Foto

Կարևոր է, որ պետական մարմինները պատշաճ կերպով զբաղվեն նաև անհետ կորածների ճակատագրերի պարզմամբ. Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պարզվում է, որ համացանցում տարածված ցուցակը ամերիկացի ավետարանական հովիվ Ջոել Թենիի այս բաց նամակից է վերցված:

Այս ցուցակը բենզինի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց ցուցակն է, որը Թենիին են փոխանցել նրանց հարազատները: Անհետ կորած մեր այս հայրենակիցների ճակատագրի վերաբերյալ տարբեր հարազատներ ունեն ապացույցներ, ըստ որոնց՝ ոմանք կարող են գերության մեջ լինել Ադրբեջանում: Եվ այդ ապացույցները նրանք ներկայացրել են ՀՀ պետական լիազոր մարմիններին:

Ուստի, կարևոր է, որ պետական մարմինները պատշաճ կերպով զբաղվեն նաև այս անհետ կորածների ճակատագրերի պարզմամբ՝ հիմք ընդունելով նաև եղած ապացույցները: Յուրաքանչյուր գերի պետք է վերադարձվի, իսկ անհետ կորածի ճակատագիր՝ պարզվի:

Միևնույն ժամանակ կարևոր է հստակեցնել, որ գերիների հաստատված ցանկն այլ է, որը ես երեկ հրապարակեցի՝ շփոթից խուսափելու համար: Բայց դա չի նշանակում, որ իրականում ավելի շատ գերի չի կարող լինել Ադրբեջանում, և շուրջ 80 նման հայի վերաբերյալ բազմաթիվ ապացույցներ կան, սակայն Ադրբեջանը չի հաստատում նրանց գերեվարումը»: