Foto

Ազգային ողբերգության հեղինակը խաղաղություն չի կարող ապահովել․ Սեյրան Օհանյան

Օգոստոսի 8֊ին Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի՝ Սպիտակ տանը կայացած եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ հռչակագիր։ Ի՞նչ տեսակետ ունի ԱԺ «Հայաստան»  խմբակցությունը նշված Հռչակագրում տեղ գտած դրույթների և ի հայտ եկած նոր գործընթացների վերաբերյալ։ Yerkir.am-ի հարցադրմանը պատասխանել է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը. «Ստորագրված փաստաթղթերն ու դրանց մեծ կարևորություն տվող իշխանական քարոզչությունը որևէ առնչություն չունեն իրական խաղաղության հետ: Նախաստորագված պայմանագրի հրապարակումից հետո մենք առավել մանրամասն կանդրադառնանք այս խնդիրներին։ Իսկ մինչ այդ` կրկին փաստենք, որ Նիկոլ Փաշինյանը խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու կառավարության ստանձնած հանրային-իրավական պարտավորությունները։ 

Մեր ժողովրդին պարտադրվող պարտությունների այս արատավոր շղթայից  հնարավոր է դուրս գալ, վերականգնել մեր ազգային արժանապատվությունը, կերտել ամուր պետականություն և բերել իրական խաղաղություն: Այն իրականացնելու համար պետք է բացառել Հայաստանի գործող ռեժիմի վերարտադրությունը: Ազգային ողբերգության հեղինակը խաղաղություն չի կարող ապահովել», - նշել է Սեյրան Օհանյանը։