Այս պահին դատարանը լուծել է միայն մեղավորության հարցը, ինչից տուժող կողմը գոհ է այն իմաստով, որ դատարանի կողմից կայացված վերդիկտը բխում է գործով հավաքված եւ դատարանում հետազոտված ապացույցների ծավալից։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 30–ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը։
«Հաջորդիվ արդեն լրացուցիչ դատալսումների փուլում դատարանը անդրադառնալու է պատժի հարցին։ Բնականաբար, 244–րդ հոդվածով պատիժ չի նշանակելու, որովհետեւ 2022–ի հուլիսի 1–ից ուժի մեջ մտած քրեական օրենսգրքով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը այլեւս հանցագործություն չէ։ Այսինքն տվյալ հանրորեն վտանգավոր արարքը ապաքրեականացված է, հետեւաբար այդ հիմքով պատիժ չի նշանակի դատարանը, իսկ 242-րդ հոդվածի երկրորդ մասով բնականաբար նշանակելու է պատիժ։
Ըստ տվյալ պահին գործող քրեական օրենսգրքի, նշված արարքի համար նախատեսված էր ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով։ Նոր քրեական օրենսգրքում ազատազրկումը 2-5 տարի ժամկետով է, բայց հաշվի առնելով, որ անձի վիճակը վատթարացնող է, բնականաբար տվյալ դեպքում կիրառելի է նախկին քրեական օրենսգիրքը»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ ամբաստանյալը մինչև օրս պնդում է, որ անմեղ է, որ ինքը արագությունը չի գերազանցել, Րաֆֆի Ասլանյանն ասաց. «Ամբաստանյալը և ամբաստանյալի պաշտպանները օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանվելու իրավունք ունեն, հետևաբար իրենց մեղադրանքը վիճարկելը բխում է իրենց քրեադատավարական իրավունքից։ Բայց երբ պաշտպանության կողմը դա վերածում է արդեն իրավական շանտաժի, օրինակ, պաշտպան Բալոյանը երեկ ասում էր, որ Սոնա Մնացականյանը գուցե քաղաքական հայացքներով պայմանավորված դիտավորյալ չի զիջել և դիտավորյալ հատել է ճանապարհը կամ դիտավորյալ հետ քայլ է կատարել, այսինքն երբ փորձում են տուժող անձին ինքնասպանություն վերագրել, սա արդեն, ես կարծում եմ՝ իրավունքի տիրույթում այնուամենայնիվ չի տեղավորվում։ Որքան էլ ազատ պաշտպանվելու հնարավորություն ունի կողմը, պետք է այդ սահմանները պահպանի»։
Նա նշեց, որ եթե դժգոհ լինեն դատավճռից, ապա կբողոքարկեն։
Ինչ վերաբերում է պաշտպանական կողմի այն դիտարկմանը, որ փորձաքննության ընթացքում փորձագետները կադր են հանել և այդպիսով արագությունը արհեստականորեն մեծացրել են, Ասլանյանն ասաց. «Այդ հարցին մենք բազմիցս անդրադարձել ենք, և կրկնակի փորձաքննություն նշանակելու միջնորդությունը դատարանը մերժել է, հետևաբար եզրափակիչ ելույթներով նորից դրան անդրադառնալը աննպատակահարմար էր։ Բայց քանի որ հարցը տալիս եք, ես նորից պարզաբանեմ, դա ինչպես պաշտպանության կողմն է պնդում, կուլ տված կադր չի։ Առաջինը անշարժ կադրն է, հաջորդ կադրերը դրանք շարժական կադրեր են։ Այսինքն փորձագետը պնդում է, որ առաջին կադրում ցույց է տվել ավտոմեքենայի տվյալ պահի անշարժ դիրքը, հաջորդ երկու կադրերում շարժը, և ասել է, որ դ հաշվել է վայրկյան, իսկ պաշտպանների պնդմամբ առաջին կադրը ևս պետք է վայրկյանների մեջ հաշվարկվեր։ Փորձագետն ասում էր՝ դա զրոյական կադր է, լավ վերջապես ես որտեղ վերցնեմ ավտոմեքենայի ստատիկ դիրքը։ Նա ասում է՝ եթե դուք ստատիկ դիրքը փորձում եք հաշվել վայրկյանի ծավալում, արհեստականորեն արագություն է նվազում։ Առաջին կադրում մեքենան կանգնած է, երկրորդ կադրում շարժվում է, երրորդում շարժվում է, այսինքն դա տևում է մեկ վայրկյան։ Հիմա պաշտպան Բալոյանը ասում է, չէ, մեկ վայրկյանում տեղավորեք երեք կադր։
Բայց նույնիսկ ակնադիտական եղանակով եթե նայում ենք, բոլորս, ովքեր վարորդ են, նույնիսկ ոչ վարորդներ տեսնում են, որ այդտեղ 72 արագություն չի, դա 108 արագությունից ավելին է։ Ընդ որում փորձագետը նշել է, որ դա նվազագույն արագություն է, խաչմերուկը մուտք գործելու պահին արգելակման պայմաններում է 108, և ակնհայտ է, որ այդ ավտոմեքենան առնվազն մինչև խաչմերուկ մուտք գործելը 120-130 արագությամբ է եղել։
Պաշտպան Բալոյանն ասում է՝ վտանգը առաջացել է հետքայլ կատարելու պահից, այսինքն եթե մարդը մտնում է երթևեկելի գոտի, ուրեմն վարորդը պետք է նույն արագությամբ շարժվի մտածելով, որ կանցնի դիմացով, բայց փորձագետները պնդել են, որ վտանգ առաջանում է, երբ ոտքը դնում է երթևեկելի գոտի։ Հետևաբար հետիոտնի գործողությունները անգամ անկանխատեսելի են։
Այս պարագայում կա նաև հետիոտնային անցում, դա ավելի զգոն է դարձնում վարորդին, ընդ որում, նույնիսկ եթե հետիոտնային անցում չի լինում, ս ցանկացած վայրում, եթե հետիոտնը ոտքը դնում է ճանապարհին, այդ ժամանակ արդեն վարորդի համար վտանգ առաջանում է»,– ընդգծեց նա։
Նշենք, որ այսօր՝ հուլիսի 30–ին, Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հրապարակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով վերդիկտը։
Մեղադրյալ Արամ Նավասարդյանը մեղավոր ճանաչվեց, նրա նկատմամբ խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը մնաց անփոփոխ։
իսկ վերջնական դատավճիռը կկայացվի օգոստոսի 13–ին, ժամը 12.00–ին։