Foto

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման աշխատանքների մասին տվյալները կներկայացվեն GIS համակարգում

GIS համակարգը երևանցիներին իրազեկ կպահի մայրաքաղաքում իրականացվող կառուցման, նորոգման և այլ աշխատանքների մասին: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը՝ ներայացնելով համակարգն իր հարթակներով:

«Հավաքագրել ենք Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող շինբարեկարգման ոլորտին առնչվող մի քանի հարթակներ մեկ միջավայրում և նախատեսել ենք սա հրապարակել՝ մեր քաղաքացիներին իրազեկ պահելու քաղաքապետարանի կողմից կատարվող աշխատանքների վերաբերյալ»,- ասաց նա:

Հարթակներում ներկայացված են մանկապարտեզների, փողոցների վերանորոգման, նորոգման վերաբերյալ տվյալները, վերելակների նորոգման ու փոխարինման, կոյուղագծերի փոխարինման, մայրաքաղաքի տարբեր հատվածների կանաչապատման աշխատանքները:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ աշխատանքների այն ծավալը, որ իրականացվել է մայրաքաղաքում, աննախադեպ է:

«Այս ծավալի աշխատանքներ բակերում, վերելակների փոխարինման տեսանկյունից, ոռոգման համակարգի ներդրման տեսանկյունից, ճանապարհների կառուցման-վերակառուցման տեսանկյունից, այգիների կանաչապատ տարածքների ստեղծման տեսանկյունից ուղղակի աննախադեպ են։

Այս ծավալի աշխատանքներ երբևէ մեկ դրվածքային տարվա ընթացքում չեն իրականացվել»,- ասաց քաղաքապետը։