Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 45 տոկոսով՝ կազմելով 9 մլրդ 668.6 մլն դոլար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Հունիսին՝ մայիսի համեմատ, ծավալն աճել է 9.4 տոկոսով, իսկ 2024-ի հունիսի համեմատ՝ 16.6 տոկոսով նվազել է: Ամռան առաջին ամսին արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1 մլրդ 731.5 մլն դոլար։
Արտահանումն այս տարվա առաջին վեց ամիսներին 52.8 տոկոսով քիչ է եղել 2024-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 3 մլրդ 755.6 մլն դոլար։ Հունիսին՝ մայիսի համեմատ, ծավալն աճել է 23.6, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ՝ կրճատվել է 15.9 տոկոսով։ Հունիսին Հայաստանից արտահանվել է 729.8 մլն դոլարի արտադրանք։
Հունվար-հունիսին երկիր է ներմուծվել 38.6 տոկոսով պակաս արտադրանք, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Առաջին կիսամյակում ներմուծման ծավալը գնահատվել է 5 մլրդ 913 մլն դոլար։ Հունիսին, նախորդ ամսվա համեմատ, ծավալն աճել է 0.9 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 001.7 մլն դոլար։ Նախորդ տարվա հունիսի համեմատ 2025-ի նույն ամսին ներմուծման ծավալը կրճատվել է 17.1 տոկոսով։
ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքը հունվար-հունիսին եղել է 391.31, իսկ հունիսին՝ 384.22 դրամ։