Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը մինչև օգոստոսի վերջ քիչ հավանական է։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակով հանդիպումը պետք է ամփոփի կարգավորման գործընթացը և վավերացնի բոլոր ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Հնարավո՞ր է արդյոք նման բարդ գործընթացն անցկացնել 30 օրում։ Ակնհայտ է, որ դժվար թե», – ընդգծել է նա՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Պուտին-Զելենսկի հանդիպումը մինչև օգոստոսի վերջ։
Նա նաև հավելել է․ «Մեր դիրքորոշումը հայտնի է, ներկայացված է այն հուշագրի նախագծում, որը փոխանցվել է ուկրաինական կողմին»։
Պեսկովը նշել է, որ այս պահին կարգավորման վերաբերյալ կողմերի հուշագրերի նախագծերը արմատապես տարբերվում են, և կողմերը դեռ մեծ աշխատանք ունեն անելու։
Աղբյուրը՝ aysor.am