Foto

Ֆրանսիայի ԱԺ-ում շրջանառվող բանաձևը ԵՄ-ին ու Փարիզին կոչ է անում ճնշում գործադրել Բաքվի վրա՝ Երևանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու հարցում

Ֆրանսիայի Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել բանաձև, որով Ֆրանսիայի կառավարությանն ու Եվրամիությանը կոչ է արվում մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն արագացնելու համար և Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին ազատ արձակելու հարցում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանաձևը համահեղինակել են Ֆրանսիայի ԱԺ-ում «Հանրապետական աջ» խմբակցության նախագահ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Լորան Վոքիեն և նույն խմբի փոխնախագահ Ալեքսանդր Մարտենը:

Բանաձևում նշվում է, որ Ֆրանսիան պատմական և քաղաքական դեր ունի խաղալու տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին աջակցելու հարցում՝ որպես Հայաստանի բարեկամ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ և Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացման առանցքային դերակատար։ Այս համատեքստում ընդգծվում է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրելու անհրաժեշտությունը՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների, անվտանգության և զարգացման վրա։

Բանաձևում ընդգծվում է նաև Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման պահանջը՝ շեշտելով, որ վերջիններիս նկատմամբ Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարություններն Ադրբեջանի կողմից վերահսկվող բոլոր տարածքներում հայ բնակչության, հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման և Հայաստանի գոյությունը ժխտող ադրբեջանական համակարգված քաղաքականության շարունակությունն են:

Վերոհիշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ ֆրանսիացի խորհրդարանականների ներկայացրած բանաձևը Ֆրանսիայի կառավարությանը և Եվրամիությանը կոչ է անում մեծացնել ճնշումն Ադրբեջանի նկատմամբ՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն արագացնելու, հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցում, Ֆրանսիայի կառավարությունից պահանջում է վերջնականացնել և մոտ ժամկետներում Հայաստանի հետ ստորագրել ռազմավարական համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ, իսկ ԵՄ-ից պահանջում է մեծացնել Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական, ռազմական, կրթական, գիտական և մշակութային համագործակցություն ծավալները: