Սան Ֆրանցիսկոյի վերաքննիչ դատարանն իրավաբանորեն անվավեր և ոչ սահմանադրական է ճանաչել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը ծննդյան իրավունքով քաղաքացիության սահմանափակման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է դատարանի որոշման մեջ:
«Մենք քննարկում ենք այն հարցը՝ արդյոք սահմանադրական է և իրավաբանական ուժ ունի (նախագահ Թրամփի) կատարողական հրամանագիրը: Մենք եզրակացնում ենք, որ կատարողական հրամանագիրը զուրկ է իրավաբանական ուժից, որովհետև այն հակասում է Սահմանադրության տասնչորսերորդ ուղղման հստակ շարադրանքին, որը քաղաքացիություն է շնորհում բոլոր անձանց, ովքեր ծնվել են Միացյալ Նահանգներում», - ասված է փաստաթղթում:
Սա առաջին դեպքն է, երբ այդ հրամանագիրը ոչ սահմանադրական է ճանաչվել վերաքննիչ դատարանի կողմից: Ավելի վաղ հրամանագրի կիրառումը բազմիցս արգելափակել են ստորին ատյանի դատարանները, բայց հունիսի վերջին Գերագույն դատարանը սահմանափակել է նրանց այդ իրավունքը: Վերաքննիչ դատարանի վճիռն արգելափակում է Թրամփի հրամանագրի կիրառումը. այժմ նախագահի վարչակազմն այդ վճիռը կարող է վիճարկել կա՛մ այդ դատարանում, կա՛մ Գերագույն դատարանում:
Ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրման սահմանափակման մասին հրամանագիրը Թրամփը ստորագրել էր իր երդմնակալությունից հետո՝ հունվարի 20-ին: Այն պետական գերատեսչություններին արգելում էր քաղաքացիություն տրամադրել այն ծնողների երեխաներին, որոնք երեխայի ծննդյան պահին Միացյալ Նահանգներում են գտնվել անօրինական հիմունքներով: Ծննդյան իրավունքով քաղաքացիության մասին ուղղումն ընդունվել է ԱՄՆ Քաղաքացիական պատերազմից հետո, ինչի շնորհիվ չեղյալ է համարվել Գերագույն դատարանի 1957 թվականի վճիռը, որը մերժում էր աֆրոամերիկացիների քաղաքացիության իրավունքը: