Foto

Բաթումիում տեղի ունեցած սպանության գործով Թուրքիայի երկու քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանի Ներքին գործերի նախարարության տեղեկություններով՝ Թուրքիայի քաղաքացու սպանության գործով ոստիկանությունը երկու անձի է ձերբակալել։ Դեպքը տեղի է ունեցել Բաթումիի կենտրոնում, հայտնում է Նովոստի-Գրուզիան։

Ձերբակալվածները նույնպես Թուրքիայի քաղաքացիներ են։ 22-ամյա Ա.Ե.-ին մեղադրում են դիտավորյալ սպանության, ինչպես նաև ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու մեջ։ 27-ամյա Ա.Ջ.-ին մեղադրանք է առաջադրվել հատկապես ծանր հանցագործության մասին տեղեկություն չհայտնելու և սահմանը ապօրինի հատելու համար։

Սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 18-ի ցերեկը՝ Հին բուլվարի տարածքում գտնվող ռեստորանում։ Մոտոսաղավարտով տղամարդը ատրճանակից մի քանի անգամ կրակել է 49-ամյա Հ.Թ.-ի վրա և դեպքի վայրից փախուստի դիմել։ Վիրավորը տեղում մահացել է։

Հետաքննությունը պարզել է, որ հրաձիգը ունեցել է հանցակից, ով ականատես է եղել հանցագործությանը, սակայն տեղի ունեցածի մասին չի տեղեկացրել ոստիկանությանը։

Օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում՝ երիտասարդները մի քանի ժամ անց բերման են ենթարկվել։ Նրանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։

Հիմնական վարկածը քրեական հաշվեհարդար է։ TV Pirveli-ի տվյալներով՝ Թուրքիայի քաղաքացու սպանությունը կապված է բուքմեյքերական բիզնեսում բաժնեմասերի բաշխման հետ։ Լրագրողները պարզել են, որ այն ռեստորանը, որտեղ տեղի է ունեցել կրակոցը, պատկանում է թուրք գործարար Դերքան Բաշերին։ Հաղորդվում է, որ անցած տարի Բաթումիում նրա դեմ մահափորձ է իրականացվել, սակայն նա ողջ է մնացել։ Բացի այդ, 2022 թվականին Բաշերի ռեստորանում կրակոցների դեպք է տեղի ունեցել, որի ընթացքում Թուրքիայի 19-ամյա քաղաքացի է սպանվել։