Շատ կարևոր է, որ ՀՀ կառավարությունը աշակերտներին ունենա մի ուղերձ, որը լինի աշակերտների աչքի առաջ և նրանց հասկանալի, պարզ, լրացուցիչ բացատրությունների կարիք չունեցող, պետք չլինեն հատուկ դասեր և դասընթացներ այդ ուղերձը և կարգախոսը տեղ հասցնելու համար: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 17-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ գարնանը տեղի ունեցած քննարկումներից հետո հանձնարարական էր տվել ԿԳՄՍ նախարարին, որպեսզի մշակվի այդ ուղերձը և համապատասխան ձևավորում տրվի:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ եկել ենք եզրակացության, և 2025 թվականի սեպտեմբերի 1-ից, ըստ էության, առնվազն նորակառույց դպրոցներում մենք մեր աշակերտներին այս ուղերձով կդիմենք. «Լա՛վ սովորիր, որ լավ ապրես»,– ասաց Փաշինյանը՝ ցույց տալով համապատասխան պաստառը
Վարչապետի խոսքով, կարգախոսը կրթական հաստատությունների պատին կփակցվի:
Նա նաև տեղեկացրեց, որ առաջարկի ու պաստառի ձևավորման մասով արդեն իսկ հանրային քննարկում է անցկացվել:
«5 տարի է՝ մենք կրթության ոլորտի փաստաթղթեր ենք ընդունում, որոշումներ ենք կայացնում, չեղարկում, լավարկում և այլն, և սա է այն ուղերձը, որ ուզում ենք հղել մեր աշակերտներին: Կարծում եմ՝ ուղերձը ճիշտ է, դիպուկ է և հստակ է»,- ասաց Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ առաջարկին անդրադարձ է եղել նաև բյուջետային քննարկումների ժամանակ:
Ամփոփելով խոսքը՝ Փաշինյանը հայտարարեց. «Մեր ասելիքը մեր աշակերտներին հստակ է՝ «Լա՛վ սովորիր, որ լավ ապրես»: Համոզված ենք, որ շատ պրակտիկ ուղերձ է, և դրա ճշմարտացիության մեջ կասկածելու որևէ առիթ երբևէ որևէ մեկը չի կարող ունենալ»: