Ակադեմիական քաղաքում կունենանք ավագ դպրոցների համակարգ, որտեղ կներառվեն առավել օժտված երեխաները, աշակերտները, որոնց տաղանդի հետագա զարգացման վրա լրացուցիչ ներդրումներ անելը կդիտվի անհրաժեշտություն: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 17-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա, ըստ էության, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքի և հետագա ռազմավարական շարունակության մասին մեր պատկերացումները ձևավորել ենք: Ուզում եմ հիշեցնել, որ մենք ասել ենք, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին վստահաբար պետք է հաջորդի 300 դպրոց, և մի հատ էլ հաջորդ՝ 300 դպրոց, վստահաբար, իսկ մանկապարտեզների դեպքում՝ կախված պահանջարկից, կարիքից»,- ասաց նա:
Ծրագրի շրջանակում, ըստ Փաշինյանի, կլինեն մանկապարտեզի տարիքի երեխաների փոքր թիվ ունեցող գյուղեր, որտեղ այս փուլում ոչ թե մանկապարտեզներ կկառուցվեն, այլև կմատուցվեն ծառայություններ՝ ըստ համապատասխան չափորոշիչների և կրթական ծրագրերի: Մանկապարտեզները կգործեն վարձված առանձնատներում: