Foto

Ո՞ր դպրոցականների համար կարող են նշանակվել անվանական կրթաթոշակներ. այն կկազմի ամսական 5-25 հազար դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 17–ի նիստում հաստատեց «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների, ինչպես նաև մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման ֆինանսավորման կարգերը»։

Այս որոշմամբ առաջարկվում  ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել հանրակրթական ուսումնական հաստատությունների դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի և միջազգային օլիմպիադաների դիպլոմակիրներին անվանական կրթաթոշակ տրամադրելու պահանջները, ըստ որոնց  անվանական կրթաթոշակը տրվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն՝ հանրակրթական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների այն սովորողներին, որոնք հանդիսանում են ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի դիպլոմակիրներ, կամ դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ կամ մասնակիցներ։

Անվանական կրթաթոշակը կտրամադրվի 12 ամիս՝ ամսական 5000-25000 դրամ չափով։

Նախագծով նաև սահմանվում է, որ  եթե  սովորողը երկու կամ երեք հիմքերով ընդգրկվել է կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա կարող է ստանալ դրանց չափերի հանրագումարի չափով կրթաթոշակ, անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով մեկ տարվա (12 ամսվա) հաշվարկով։

Ընդ որում, անկախ հաստատության կազմակերպական-իրավական ձևից՝ հաստատությունները կրթաթոշակը սովորողին են փոխանցում անկանխիկ եղանակով, անվանական կրթաթոշակ ստացողի ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա (12 ամսվա) համար նախատեսված անվանական կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ, կրթաթոշակ ստացող սովորողների ցանկը ենթակա է հրապարակման նաև կրթաթոշակ տրամադրող ուսումնական հաստատությունների ինտերնետային կայքում:

Բացի այդ, ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակ տրամադրելու պահանջները, ըստ որոնց մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին ուսումնառության ընթացքում անվանական տրվում է կրթաթոշակ ամսական 10000-45000 դրամի չափով՝ կախված կրթության մակարդակում սովորողի ընդգրկվածությունից և առաջադիմությունից։