Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 34-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Հարգելի՛ գործընկերներ, համակարգի վետերաններ,
Շնորհավորում եմ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 34-րդ տարեդարձի կապակցությամբ։
Մենք ապրում ենք բարձր սեյսմոակտիվ գոտում, և սա պարտավորեցնում է մեզ անընդհատ զարգացնել մեր կարողությունները՝ համատեղելով փորձն ու նորարարությունը։
1988-ի աղետալի երկրաշարժը մեզ սովորեցրեց ամենակարևորը՝ աղետների ռիսկը կարելի է նվազեցնել գիտելիքի, տեխնոլոգիաների, ճիշտ պլանավորման ու պատրաստված թիմի շնորհիվ։
Ու հիմա առավել, քան երբևէ, մեր նպատակն է զարգացնել սեյսմիկ ռիսկի նվազեցման կարողությունները՝ ներդնել ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ, բարելավել վաղ ազդարարման համակարգերը, ընդլայնել համայնքային կարողությունները և մեր բնակիչներին տալ այն վստահությունը, որ բոլոր փուլերում պաշտպանված են։
Այս գործընթացի կենտրոնում պետք է լինի մարդը՝ թե՛ մեր քաղաքացին, ում անվտանգությունն ու վստահությունը մեզ համար առաջնահերթ է, թե՛ դուք՝ մեր նվիրյալ մասնագետները, ովքեր ամեն օր գործում են այդ անվտանգության ամրապնդման համար։
Վստահ եմ՝ համակարգային փոփոխությունները կյանքի կկոչենք միասին՝ ունենալով ձեր ամենօրյա նվիրումն ու պրոֆեսիոնալիզմը։
Հարգելի՛ գործընկերներ, շնորհակալություն ձեր բարեխիղճ ծառայության ու նվիրումի համար։ Մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ աշխատանքում և անձնական կյանքում»,- նշվում է նախարարի շնորհավորական ուղերձում։