Իշխանությունները շարունակում են արցախցիների նկատմամբ հետապնդումները։ ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Հայցադիմումը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանին։ Դեռևս առկա չէ տեղեկատվություն՝ հայցը վարույթ ընդունելու վերաբերյալ։
Նշենք, որ գույքի նկատմամբ Արցախի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքը գրանցվել է 2017թ. մարտի 20-ին։ Այդ գույքը տարիներ շարունակ եղել է Արցախի պաշտոնական ներկայացուցչությունը ՀՀ-ում, իսկ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմից, ինչպես նաև՝ Արցախում էթնիկ զտումից և արցախցիների բռնի տեղահանումից հետո այս կառույցը եղել է միակ վայրը, որտեղ եղել է կապը՝ Արցախի իշխանությունների և բռնի տեղահանվածների միջև։
Այն, որ ՀՀ իշխանություններն Արցախի ներկայացուցչության շենքը պատրաստվում են խլել հայտնի էր թերևս վաղուց, համենայն դեպս՝ այդ մասին էին վկայում նաև Փաշինյանի պնդումներն առ այն, թե ՀՀ-ում միայն մեկ կառավարություն կարող է լինել և այդ կառավարությունն իրենք են։