Foto

Այս իշխանությունը ՀՀ տարածքային ամբողջականությունը դրել է վաճառքի․ Գալստյան

Երեկ արևմտյան մամուլում լուրեր տարածվեցին, թե  Միացյալ Նահանգներն առաջարկել է ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված տրանսպորտային միջանցքի կառավարումը՝ երկու կովկասյան երկրների միջև դադարեցված դիվանագիտական բանակցությունները առաջ մղելու փորձով։ Նշվում էր, որ նման հայտարարություն է արել  Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը։ Չնայած դրան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմից հայտնել էին, թե Անկարան տեղեկություն չունի Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը կառավարելու ԱՄՆ-ի հնարավոր ծրագրի մասին։ Իսկ ահա հայկական կողմն էլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանի մակարդակով հայտարարել էր, որ ՀՀ-ն չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը։

Ինչո՞ւ են նման հակասական հայտարարություններ նետվում դաշտ, արդյո՞ք իրատեսական է այն, որ ԱՄՆ-ն կարող է ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված տրանսպորտային միջանցքի կառավարումը․ այս և այլ հարցերի պատասխանները MediaHub-ը փորձեց պարզել՝ զրուցելով քաղաքագետ Խաչիկ Գալստյանի հետ։

Նրա խոսքով՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը խոսում է այն մասին, որ այս իշխանությունը հետևողականորեն ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը դրել է վաճառքի, և հիմա հայտնվել է գնորդ, որ բարձր է վճարում։

«Սրանք էլ հոժարակամ կպատրաստվեն վաճառել մեր իսկ տարածքները։ Ու առոչինչ է այն, թե 100 տարով կվարձակալվի, կամ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն կլինի, քանի որ փաստացի ՀՀ ինքնիշխանությունն ու իրավազորությունը էականորեն կթուլանան այս նախագծի կյանքի կոչման պարագայում»,- նկատեց Խաչիկ Գալստյանը։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ այս առաջարկի դետալները դեռևս գաղտնազերծված չեն, բայց մի բան պարզ է․ եթե դու ինչ-որ կազմակերպուրթյան են պատվիրակում քո փոխարեն ինչ-որ գործառույթ իրականացնելը, դա նշանակում է, որ այդքանով դու քեզ հեռու ես պահում քո տարածքի վերահսկողությունից։

«Ես ենթադրում եմ, որ ՀՀ սահմանին գուցեև կանգնեն հայ սահմանապահներ, բայց նրանք անմիջապես Ադրբեջանի քաղաքացիների հետ շփման իրավունք չեն ստանալու։ Չեմ կարծում, որ Ալիևը թույլ կտա, որ իր քաղաքացին իր կողմից պարտության մատնված բանակի կամ պետության ներկայացուցչի կողմից անձնագրային ստուգման ենթարկվի։ Իսկ եթե հայ մաքսավորն այդ ստուգումը չի իրականացնելու, ապա դա ոչ այլ  ինչ է, քան իշխանության և տարածքի կորուստ»,- ամփոփեց խոսքը քաղաքագետ Խաչիկ Գալստյանը։

Նարե Գնունի

Աղբյուրը՝ mediahub.am