Foto

Լավրովը հանդիպում է ունեցել Սի Ծինփինի հետ

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թիենծինում հանդիպում է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, կողմերը քննարկել են Մոսկվայի և Պեկինի հարաբերությունների զարգացումը:

Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

 Հուլիսի 15-ին Թիենծինում անցկացվում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

Չինաստանի ղեկավարը զրուցել է միջոցառմանը մասնակցող բոլոր նախարարների հետ։ Ավելի ուշ նա առանձին բանակցություններ է վարել Լավրովի գլխավորած ռուսական պատվիրակության հետ։

Լավրովը Սի Ծինփինին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը։ՉԺՀ-ի նախագահը Մոսկվային և Պեկինին կոչ է արել շարունակել իրականացնել ձեռք բերված համաձայնագրերի կատարումը,  պաշտպանել երկու երկրի անվտանգությունը և զարգացման շահերը, ամրապնդել փոխադարձ աջակցությունը և համագործակցությունը բազմակողմ հարթակներում, ինչպիսին է ՇՀԿ-ն։

Բացի այդ, Սերգեյ Լավրովը և Սի Ծինփինը քննարկել են Վլադիմիր Պուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստումը՝ ՇՀԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար։

Շանհայի համագործակցության կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է, որը հիմնվել է 2001 թվականին։ Նրա կազմի մեջ են մտնում Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը, Ուզբեկստանը և Բելառուսը։ Դիտորդ երկրներն են Աֆղանստանը և Մոնղոլիան, գործընկեր երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Կամբոջան, Նեպալը, ԱՄԷ-ն և Շրի Լանկան: