Foto

Զելենսկին Թրամփի հետ քննարկել է խաղաղության հասնելու հետագա քայլերը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Ուկրաինային նոր զենք մատակարարելու մասին նրա հայտարարությունից հետո, և շնորհակալություն է հայտնել աջակցության համար։ Այս մասին իր Telegram ալիքում գրառում է կատարել նախագահ Զելենսկին։

«Շատ լավ զրույց էր։ Ես շնորհակալություն հայտնեցի նրան Ուկրաինային աջակցելու և սպանությունները դադարեցնելու, ինչպես նաև երկարատև ու արդար խաղաղություն հաստատելու ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամության համար», – նշել է Զելենսկին։

«Նախագահ Թրամփը խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ իր հանդիպման մասին։ Կարևոր է, որ մենք ունենք այդքան լավ հարաբերություններ, և որ դաշինքի երկրները փորձում են ավելացնել պաշտպանության ծախսերը», – հավելել է նա։

Զելենսկին նշել է, որ Թրամփի հետ նաև քննարկել է անհրաժեշտ միջոցներն ու լուծումները՝ մարդկանց ռուսական հարձակումներից ավելի շատ պաշտպանություն ապահովելու և ուկրաինական դիրքերն ամրապնդելու համար: 

«Մենք պատրաստ ենք հնարավորինս արդյունավետ աշխատել խաղաղության հասնելու համար։ Մենք պայմանավորվեցինք ավելի հաճախ զանգահարել և համակարգել մեր քայլերը ապագայում», – նշել է Զելենսկին։

Հուլիսի 14-ին Սպիտակ տանը Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ Թրամփը նշել է, որ հիասթափված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, և որ միլիարդավոր դոլարների ամերիկյան զենք կուղղվի Ուկրաինա։

Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությանը 50 օր է տալիս Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ Հակառակ դեպքում, ԱՄՆ նախագահը սպառնացել է Ռուսաստանի առևտրային գործընկերների նկատմամբ 100%-ի չափով երկրորդային մաքսատուրքեր կիրառել։