Փաշինյան–Ալիև հանդիպմանը զուգահեռ 7 դաշնակցականի տուն են մտնում, խուզարկություններ իրականացնում և 7–ին էլ մեղադրում ահաբեկչություն կազմակերպելու մեջ։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 13–ին, Ոստիկանության ձերբակալման պահման վայրի մոտ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«7 հոգու տնից չեն հայտնաբերում որեւէ ապօրինի բան։ Անդրանիկ Չամիչյանը, որ 2 ամսով կալանավորվել է, անգամ դատավորը դատական նիստի ժամանակ ընդունել է, որ որեւէ ապօրինի բան չկա իրերի մեջ, բայց այդ օրինական իրերի համակցությունն իր համար դարձել է ահաբեկչության կազմակերպման կասկած։
Երեկ կալանավորվածի տանը, ով պատերազմի մասնակից է, հայտնաբերվել է մեկ նռնակ , իր վրա չի դրվում ահաբեկչության կազմակերպման մեղադրանք, իր վրա դրվում է միայն ապօրինի զենք պահելու մեղադրանք։ Մյուսներին այսօր բաց են թողնում հիմքերի բացակայության հիմքով։
Այսինքն Փաշինյան–Ալիև հանդիպմանը զուգահեռ շոու կազմակերպվեց, 7 հոգու ձերբակալեցին, ասացին՝ ահաբեկչության կազմակերպման մեջ են մեղադրում, հիմա այդ 7–ից 5–ին բաց են թողնում։ Բաց են թողնում, որովհետեւ Քննչականը մեղադրանք չի առաջադրել, որովհետեւ որեւէ հիմք չկա»։









