Foto

Պուտինը ԱՄՆ-ին և Իրանին հայտնել է «զրոյական» ուրանի հարստացմամբ միջուկային գործարքին իր աջակցության մասին. Axios

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ինչպես նախագահ Թրամփին, այնպես էլ իրանցի պաշտոնյաներին ասել է, որ աջակցում է միջուկային գործարքի գաղափարին, որի շրջանակներում Իրանը չի կարողանա ուրան հարստացնել։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին։

Մոսկվան կոչ է արել Իրանին համաձայնել «զրոյական հարստացմանը»։ Այս մասին հայտնում են երեք եվրոպացի և մեկ իսրայելցի պաշտոնյաներ, որոնք տեղյակ են հարցին։

Երկու աղբյուր հայտնել են, որ ռուսները նաև տեղեկացրել են Իսրայելի կառավարությանը Իրանի կողմից ուրանի հարստացման վերաբերյալ Պուտինի դիրքորոշման մասին։

«Մենք գիտենք, որ հենց դա է Պուտինն ասել իրանցիներին», - հայտնել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան։

Պուտինն այս դիրքորոշումը արտահայտել է նաև անցյալ շաբաթ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած հեռախոսազրույցներում, պնդում է ամերիկյան ԶԼՄ-ն։

Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածները լուրջ վնաս են հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, սակայն Իրանի ողջ բարձր հարստացված ուրանի պաշարները չեն ոչնչացրել։ Պարզ չէ՝ արդյոք Իրանի ցենտրիֆուգներից որևէ մեկը պահպանվել է, թե ոչ։

Թրամփը հասկացրել է, որ ցանկանում է Իրանի հետ նոր միջուկային գործարք կնքել։

Ըստ աղբյուրների՝ եթե առաջիկա շաբաթներին բանակցություններ տեղի ունենան, ապա Իրանի տարածքում ուրանի զրոյական հարստացումը կլինի ԱՄՆ-ի հիմնական պահանջներից մեկը։

Իրանը  դեռ վաղուց պնդում է, որ ցանկացած համաձայնագրի շրջանակներում պետք է պահպանի հարստացման հնարավորություն։

Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ հետաքրքիրն այն է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Պուտինը և Ռուսաստանի այլ պաշտոնյաներ մի քանի անգամ Իրանին հայտնել են, որ աջակցում են «ուրանի զրոյական հարստացման» համաձայնագրին։

«Պուտինը կաջակցեր ուրանի զրոյական հարստացմանը։ Նա կոչ է արել իրանցիներին աշխատել այդ ուղղությամբ՝ ամերիկացիների հետ բանակցություններն ավելի բարենպաստ դարձնելու համար։ Իրանցիները հայտարարել են, որ չեն քննարկի այդ հարցը», - ասել է իրավիճակին անմիջականորեն ծանոթ եվրոպացի պաշտոնյան։