Մոսկվան պատրաստ է իր ներդրումն ունենալ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործում, «Известия»-ին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Դրան տանող հիմնական ուղղությունները նշվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 և 2022 թվականների եռակողմ պայմանավորվածություններում, ընդգծել է դիվանագետը։
«Մենք կարծում ենք, որ պետք է շարժվել հենց այս ուղղություններով՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստում, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանների դելիմիտացիա՝ հետագա դեմարկացիայով, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների և խորհրդարանների միջև երկխոսության հաստատում։ Եվ, իհարկե, ռուսաստանյան կողմը, որպես եռակողմ պայմանավորվածությունների մասնակիցներից մեկը, պատրաստ է և հետագայում իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերի համար», - ասել է Գալուզինը։