Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 10–ի նիստում սահմանել է պարտադիր աուդիտի ենթակա և պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունների 2024–ի տարեկան հաշվետվությունների աուդիտի պայմանագրերի գները։
Հիմնավորման մեջ նշվում է, որ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի, ինչպես նաև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի փոփոխություններով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է վերապահվել կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը։ Նաև սահմանվել է, որ աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանում է Հանձնաժողովը։
Ըստ այդմ, պարտադիր աուդիտի ենթակա և պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունների՝ 2024 թվականի տարեկան հաշվետվությունների աուդիտի պայմանագրի գները սահմանվել են հետևյալ կերպ.
«Վերածնվող Հայաստան» – 1 մլն 590 հազար դրամ,
ՀՅԴ – 3 մլն 245 հազար դրամ,
ԲՀԿ – 2 մլն 100 հազար դրամ,
«Հանրապետություն» – 1 մլն 740 հազար դրամ,
ՔՊ – 6 մլն 750 հազար դրամ։
Ընդամենը անհրաժեշտ գումարը կազմել է 15 մլն 425 հազար դրամ։
Նշենք, որ «Կուսակցությունների մասին» օրենքով սահմանված է, որ պետական ֆինանսավորում հատկացվում է այն կուսակցությանը, որի ընտրական ցուցակն ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի երկու տոկոսը: Պետական ֆինանսավորումը հատկացվում է միայն այն կուսակցությունների դաշինքներին, որոնք հաղթահարել են ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված ընտրական արգելապատնեշը։