Foto

ՌԴ-ն Ուկրաինայի վրա է արձակել պատերազմի ընթացքում ամենամեծ թվով՝ 728 ԱԹՍ

Ռուսաստանը գիշերը անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով զանգածային նոր հարված է հասցրել Ուկրաինային։ Հարվածների գլխավոր թիրախում է հայտնվել Լուցկ քաղաքը, որի վրա արձակվել են 5 «Կինժալ» հրթիռ և տասնյակ ԱԹՍ-ներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ընդհանուր առմամբ, ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի, երկրի վրա արձակվել է 728 ԱԹՍ, ինչն ամենամեծ թիվն է ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Բացի այդ, Ուկրաինայի վրա են արձակվել 13 «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռներ։ 

ԱԹՍ-ներից 718-ը և «Իսկանդեր» թևավոր հրթիռներից 7-ը խոցվել են կամ ճնշվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։

Լուցկի վրա արձակվել է ավելի քան 50 ԱԹՍ, որոնցից 4-ը հարվածել են թիրախների, ԱԹՍ-ների բեկորներն ընկել են 14 վայրում։ Ըստ նախնական տվյալների՝ զոհեր չկան։ 

Ուկրաինան էլ ԱԹՍ-ներ է արձակել Ռուսաստանի ուղղությամբ։ Կուրսկում կա 3 զոհ, 7 վիրավոր։