Քիչ առաջ ԱԺ-ում լարված իրավիճակ առաջացավ, երբ ՔՊ-ականները, մասնավորապես՝ Վահե Ղալումյանը թիկունքից հարձակվեց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի վրա, որն ընդամենը իր ելույթից հետո փորձում էր դահլիճից դուրս գալ ու գնալ տուն՝ մի քանի ժամը իր տան անդամների հետ անցկացնելու, մինչև իրավապահները կգան իր հետևից, որ տանեն կալանքի։
Առաջացած քաշքշոցի ընթացքում մի տղամարդ, որը պատգամավոր չէր, փորձում էր մտնել ԱԺ նիստերի դահլիճ՝ հավանաբար միջամտելու քաշքշոցին կամ ծեծկռտուքին և պաշտպանելու ընդդիմադիրներին վրա տված ՔՊ-ականներին։ Այդ պահին «Հայաստան» խմբակցության կին պատգամավորները կանխեցին անհայտ տղամարդու մուտքը դահլիճ՝ վռնդելով նրան տարածքից, քանի որ նա իրավունք չուներ մտնել ներս։ Այդ ընթացքում ինչ-որ մեկն ասաց, որ անծանոթ տղամարդը ՔՊ-ական պատգամավորի օգնական է։
MediaHub-ը պարզեց, որ դահլիճ մտնելու փորձ անող տղամարդը Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ, այժմ՝ Երևանի ավագանու անդամ, միաժամանակ նաև ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խորհրդական Արման Բարխուդարյանն է՝ ուղնուծուծով ՔՊ-ական, որը բավականին սկանդալային կերպար է, այս ընթացքում բազմիցս աչքի է ընկել փողոցային վարքուբարքով, այդ թվում՝ Երևանի ավագանու նիստերի ժամանակ է կռիվներ սադրել, վեճ հրահրել, իսկ թաղապետի պաշտոնից էլ 2023 թվականին ազատվել է այն բանից հետո, երբ քրեական գործ էր հարուցվել խոշոր չափերի յուրացման հոդվածով։ Դրանից հետո ԱԱԾ-ն մտել էր թաղապետարան և բերման ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի արդեն նախկին թաղապետ Արման Բարխուդարյանին եւ թաղապետարանի մի քանի աշխատակիցների:
Վահե Մակարյան
Աղբյուրը՝ MediaHub.am