Foto

Շնորհավորում եմ, Դուք ՀՀ առաջին և միակ դատախազն եք, որի հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել. Խամոյանը՝ Վարդապետյանին

Շնորհավորում եմ Ձեզ, Դուք Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմության առաջին և միակ դատախազն եք, որի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվում: Այս մասին ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդագիրը քննարկելու ժամանակ՝ դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Խամոյանը նշեց՝ այն, որ այս գործը ամբողջությամբ ապօրինի է և քաղաքական, դա աներկբա է, բայց, այդուհանդերձ, մի քանի հարցադրումներ հնչեցրեց:

«Կարո՞ղ եք ինձ հիշեցնել, թե երբ է Արծվիկ Մինասյանը նշանակվել նախարար, և երբ է ենթադրյալ ապօրինի փաթեթը մուտք արվել նախարարություն։ Դուք ձեր խոսքի ընթացքում և հարցին պատասխանելու ժամանակ ամբողջությամբ մեջբերում էիք Արծվիկ Մինասյանի ցուցմունքը։ Կարո՞ղ եք հիշեցնել՝ երբ է Արծվիկ Մինասյանը հարցաքննվել, կա՞ն արդյոք այդ ենթադրյալ հանցագործության վերաբերյալ այլ ցուցմունքներ, կարող եք ասել՝ ի՞նչ ցուցմունքների մասին է խոսքը»,- հետաքրքրվեց պատգամավորը:

Ի պատասխան՝ Վարդապետյանը նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազը օրինականությունը ապահովելու է ցանկացած իրավիճակում: «Ձեր տեղեկատվությունները շատ կիսատ են, այն իրավիճակում, երբ դատախազությունը հայտնաբերում է հանցագործության վերաբերյալ առերևույթ դեպքեր, դրանք ուղարկվում են քննչական մարմիններին՝ վարույթ նախաձեռնելու հարց լուծելու նպատակով: Կխնդրեմ ձեր իրավաբանական խորհրդատվություն տրամադրող անձանցից ճշտել, որ հաջորդ անգամ Ձեզ անհարմար վիճակում չդնեք»,- ասաց Վարդապետյանը: