«Փաստ» օրաթերթը գրում է.
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ելույթ ունեցավ Երևանում՝ հնչեցնելով, ինչպես ինքն արտահայտվեց, «հստակ ուղերձ՝ ԵՄ-ն և Հայաստանը երբեք այսքան մերձ չեն եղել, որքան հիմա»։ Այս արտահայտությունն ինքնին հետաքրքիր է։ Այսինքն, վերջերս ինչ-որ բան է տեղի ունեցել, որը հատկապես մոտեցրել է Հայաստանին և ԵՄ-ին։ Մինչ այդ նման բան տեղի չէր ունեցել, իսկ հիմա տեղի է ունեցել։ Ինչի՞ մասին է խոսքը։
Հիշենք վերջին ամսվա իրադարձությունները։ Դրանցից ո՞ր մեկն է այդքան տպավորել տիկին Կալասին, որ նա զգացել է Հայաստանի հետ աննախադեպ մտերմություն։ Սամվել Կարապետյանի ձերբակալությո՞ւնը։ Նիկոլի ֆեյսբուքյան գրառումնե՞րը, որոնք զարմացրին ողջ աշխարհին։ Հալածանքնե՞րը հոգևորականների հանդեպ։ Ոստիկանների «քաջարի» ներխուժո՞ւմը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որը, բարեբախտաբար, հետ մղվեց քաղաքացիների կողմից։ Թե՞ այն, որ իշխանությունները «հայտնաբերեցին»՝ Հայաստանում ընդդիմություն կա, և վերսկսեցին ճնշումները։ Ալեն Սիմոնյանի անկեղծ խոստովանությո՞ւնը, որ շուտով կկատարվի Ալիևի պահանջը, և ադրբեջանցիները կբնակեցվեն Հայաստանում։ Թե՞ Փաշինյանի ցանկությունը՝ իր սեռական օրգանը ցույց տալ բարձրաստիճան հոգևորականին։
Ինչ էլ լինի, հենց այն պահին, երբ հասարակությունը սկսեց կասկածել վարչապետի և նրա թիմի կոգնիտիվ առողջությանը, ԵՄ դիվանագիտության ղեկավարը պաշտոնապես գնահատեց Հայաստանի իշխանությունների գործողությունները՝ որպես արժանի խրախուսում։ Եվ որպես խրախուսում՝ Կալասը Հայաստան բերեց հետևյալ լուրը. «Եվրահանձնաժողովը ընդունել է առաջարկ՝ ԵՄ-Հայաստան վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի վերաբերյալ, և երբ պայմանները կատարվեն ու գործընթացը ավարտվի, դա կբերի ԵՄ-ի և Հայաստանի մերձեցմանը»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում