Foto

Իրավապահները մուտք են գործել մասնավոր տարածք և ապամոնտածում են Կարապետյանի նկարով պաստառը

Երևանում «Տաշիր» առևտրի կենտրոնի տարածքում հերթական ապօրինությունն է տեղի ունենում. ահազանգում են ընկրությունից։ Մասնավոր տարածքի վրա, գովազդի համար նախատեսված վայրում, փակցրել են  «Ազատություն Սամվել Կարապետյանին» տեսապաստառ։ Քաղաքապետարանի աշխատակիցները, ոստիկանական տարբեր ստորաբաժանումների մի խումբ ներկայացուցիչներ փորձում էին ներխուժել «Տաշիր» առևտրի կենտրոնին պատկանող, ուղեփակոցով առանձնացված տարածք և ապամոնտաժել տեսապաստառը։  Այն մի պահ կասեցվեց, քանի որ առևտրի կենտրոնի աշխատակիցները ուղեփակոցը չբացեցին քաղաքապետարանի մեքենայի առջև։ Տեսապաստառը դեռ կենտրոնի պատին է, ոստիկանական մեծաթիվ ուժ կա նաև առևտրի կենտրոնի բակում, տեղում են նաև քաղաքապետարանի աշխատակիցները։

Մինչ փորձում էին ստուգել տարածքի արգելապատնեշի օրինականությունը, քաղաքապետարանաի ապամոնտաժող մեքենան մուտք գործեց մասնավոր տարածք՝ ապամոնտաժման աշխատանքներ իրականացնելու համար։ «Տաշիր» ցանցի իրավաբանական ներկայացուցիչ Վարդան Ալոյանի խոսքով՝ քաղաքապետարանի աշխատակիցներն անօրինական մուտք են գործել մասնավոր տարածք և իրենք պատրաստվում են դիմել դատարան՝ իրավաչափությունը վիճարկելով։

Նկատենք, որ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կաստանյանը հայտնել է, որ տեսապաստառի ապամոնտաժումն իրականացնում են Երևանի ավագանու 2009թ-ի նոյեմբերի 18-ի համար 37-Ն որոշմամբ։ Թե արտաքին գովազդին վերաբերող ո՞ր դրույթն են այս դեպքում կիրառելի համարել՝ քաղաքապետարանից չեն հայտնել։ Վարդան Ալոյանի խոսքով՝ ոչ մի որոշում չի կարող կայացվել՝ անձի մասնավոր սեփականության իրավունքը խախտելով։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան