Մի պատմություն պատմեմ.
2008թ. մարտի 1-ի գործերից մեկով փաստաբան, այդ ժամանակ հանրային պաշտպան Ինեսսա Պետրոսյանը պաշտպանում էր Արմեն Սարգսյանին, ով զանգվածային անկարգություններին մասնակցության մեղադրանքով դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման և գտնվում էր կալանավայրում։ Վճռաբեկ դատարանը 16.09.2009թ. որոշմամբ բավարարելով պաշտպանի բողոքը Արմեն Սարգսյանին արդարացրեց։ Ընդ որում Վճռաբեկ դատարանն առաջին անգամ արձանագրեց, որ առկա է անթույլատրելի ճանաչված ապացույցներից անմիջականորեն բխող այլ ապացույցների անթույլատրելիություն, այսինքն առաջին անգամ կիրառեց «թունավոր ծառի պտուղները նույնպես թունավոր են» կանոնը։
Դահլիճում ներկա էի և մինչ օրս աչքիս առաջ է՝ Արմեն Սարգսյանի հարազատների ուրախությունը, Ինեսսա Պետրոսյանի հաղթանակած ուրախությունը, որ իր պաշտպանյալն արդարացվեց ու ազատ է արձակվելու և Արմեն Սարգսյանին իբր աջակցելու համար դահլիճում գտնվող քաղաքական ուժի ներկայացուցիչների ռեակցիան, որոնք հիասթափված էին և ասեցին, որ իրենց պետք է, որ այդ գործերով շատ մարդիք բանտում գտնվեն, քանի որ եվրոպական կառույցներն այդ կապակցությամբ Հայաստանի (իշխանությունների) դեմ բանաձևեր են ընդունում։
Ինչու այս պատմությունը հիշեցի, որովհետո տպավորությունս այնպիսին է, որ ոմանք կնախընտրեին, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները քաղաքական նպատակահարմարությունից ելնելով նրան, մեծ հաշվով նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն «փուռը տային» և հիասթափված են, որ պաշտպաններն այդպես չեն արել։
Հարգելիներս, Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանն իր որոշումը կայացրել է, պրոֆեսիոնալ փաստաբաններն էլ իրենց գործն են անում, այդ թվում արձանագրում են քաղաքական իշխանության նախաձեռնությունն ու ուղղակի միջամտությունը շինծու քրեաիրավական գործընթացներին։ Այդ արձանագրումներն էլ կարող եք օգտագործել քաղաքական նկատառումներով, բայց մի ակնկալեք, որ պաշտպաններն իրենց վստահորդի շահերից չբխող պաշտպանություն իրականացնեն։
Փաստաբան Կարեն Մեժլումյանի էջից