Մակրոնը հերթական անգամ Հայաստանից ակնկալում է նշաձողի իջեցում հայ- ադրբեջանական բանակցություններում: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը.
«Մակրոնի հերթական սայթաքումը. ո՞վ է վտանգում հայ- ֆրանսիական հարաբերությունները
ՌԴ-ն չի ցանկանում որևէ կերպ միջամտել Հայաստանի ներքին գործերին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումներին։ «Դա Հայաստանի ներքին գործն է»,- հավելել է նա։
Հայաստանում ծավալվող ներքաղաքական դրամատիկ իրադարձությունների վերաբերյալ սա է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը, ինչն, ի դեպ, բխում է միջազգային իրավունքից:
Եվ սա այն դեպքում, երբ Փաշինյանի տոտալիտար նկրտումների թիրախներից մեկը Ռուսաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանն է:
Նրա ապօրինի կալանքի հետևանքները վերացնելու ուղղությամբ Մոսկվան, անշուշտ, ջանքեր գործադրում է, բայց, ըստ ամենայնի, դա անում է դիվանագիտական խողովակներով՝ ներքաղաքական միջամտության առիթ չտալու համար:
«Շատ լավ հեռախոսազրույց ունեցա Հայաստանի վարչապետի հետ»,- գրել է Էմանյուել Մակրոնը X-ի իր էջում, ապա հավելել է. «Ես արտահայտեցի Ֆրանսիայի համերաշխությունը հայկական ժողովրդավարությունը ապակայունացնելու փորձերի դեմ»։
Միջազգային իրավունքի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, պետությունները պարտավոր են չմիջամտել այլ ինքնիշխան պետությունների ներքին գործերին։
«Միջամտություն» (intervention) հասկացությունը վերաբերում է սովորաբար ուժի կիրառման սպառնալիքին կամ իրական կիրառմանը, ինչպես նաև ուղղակի գործողություններին՝ ընտրությունների արդյունքների թելադրում, կառավարությունների փոփոխություն և կամ կառավարություն ցուցադրական աջակցություն։
Ուղղակի գործողություն Մակրոնը չի արել:
Բայց երբ Մակրոնն ոչ թե աջակցում է ինստիտուցիոնալ ժողովրդավարությանը, այլ բացահայտ իր համերաշխությունն է հայտնում իշխանությունների ավտորիտար քաղաքականությանը՝ դա այլևս չեզոք դիրքորոշում չէ։ Դա համարժեք է Հայաստանի ներքինքաղաքական կյանքում դիրքավորմանը:
Հայաստանում քաղաքական հետապնդումների դեպքերը, անհամաչափ ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ, դատարանների նկատմամբ ճնշումները, Եկեղեցու դեմ պետական հակաքարոզչությունը սպանում են ժողովրդավարությունը, որի պաշտպանությունը բարձրաձայնում է Մակրոնը։
Մակրոնի հայտարարությունը վտանգավոր է նաև միջազգային էթիկայի տեսանկյունից։
Դժվար է չնկատել, որ այն փաստացիորեն լեգիտիմացնում է իշխանության վարած հակաժողովրդավարական քաղաքականությունը՝ ճանապարհ բացելով նոր ռեպրեսիաների համար:
Մակրոնի նման դիրքորոշումը, մի կողմից, խորացնում է մեր ժողովրդի անվստահությունը ժողովրդավարության հանդեպ, մյուս կողմից՝ ստվերում է հայ- ֆրանսիական հարաբերությունները:
Նման պնդում անելու հավելյալ պատճառներ ունեմ:
Մակրոնն իր տեքստում այլ մանրամասներ է նշել իր ու Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ:
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ զրույցի ընթացքում նաև վերահաստատել է աջակցությունը Փաշինյանի «քաջարի ջանքերին՝ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար»։
«Խաղաղությունն ու բաց սահմանները կարևոր զարգացում կլինեն ամբողջ տարածաշրջանի համար և օրինակ՝ դրանից այն կողմ»,-ընդգծել է Ֆրանսիայի առաջնորդը։
«Խաղաղության ու բաց սահմանների» ի՞նչ պարամետրերի մասին է ակնարկում Մակրոնը ու արդյո՞ք Փաշինյանի «քաջարի ջանքերի» մասին հիշատակումը չի հուշում, որ Մակրոնը հերթական անգամ Հայաստանից ակնկալում է նշաձողի իջեցում հայ- ադրբեջանական բանակցություններում:
Բայց արդյո՞ք դա բերելու է իրական խաղաղության, որին ձգտում ենք բոլորս, թե՞ նոր ազգային աղետի հայերիս համար՝ ինչպես դա տեղի ունեցավ 2022-ի հոկտեմբերի 6-ին, Պրահայում, երբ Փաշինյանը, նույն Մակրոնի ու Միշելի հորդորով, իջեցրեց նշաձողը ԼՂ կարգավիճակի հարցում՝ ճանապարհ հարթելով Արցախի կործանման համար:
Իսկ գուցե գլոբալիստական Արևմուտքը, Ֆրանսիան հենց նրա համա՞ր են աջակցում Փաշինյանի բոլոր ներքաղաքական այլանդակությունները, որպեսզի նրան հակեն զիջումների՝ Ադրբեջանի հետ բանակցություններում:
Մակրոնը, թերևս, Փաշինյանից գործնական քայլեր է ակնկալում, մանավանդ, որ Երևանում է ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության գծով բարձր հանձնակատար Կայա Կալլասը»։