Foto

Երևանն ու Պեկինը երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու քաղաքական կամք ունեն. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ԱԳ նախարար Վան Յիի միջև տեղի ունեցած հանդիպմանը շեշտվել է հայ-չինական հարաբերությունների ռազմավարական բնույթը և դրանց զարգացման տեսլականը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ մանրամասներ ներկայացնելով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յիի միջև հունիսի 26-ին տեղի ունեցած հանդիպմանն արծարծված թեմաների վերաբերյալ։

«Ուշադրության է արժանի այն, որ երկու կողմից էլ շեշտվեց հարաբերությունների ռազմավարական բնույթը և դրանց զարգացման տեսլականը: Վերջին տարիներին էական ձեռքբերումներ են արձանագրվել, այդ թվում՝ տնտեսության, առևտրի և առանցքային այլ ոլորտներում: Հարաբերությունների ներկայիս բովանդակությունը և զարգացման դինամիկան թույլ է տալիս խոսել դրանք նոր մակարդակի բարձրացնելու մասին, և կարող ենք գոհունակությամբ նշել, որ այդպիսի քաղաքական կամք առկա է և աշխատանքներ տարվում են երկու կողմերում էլ»,-նկատել է Անի Բադալյանը:

ԱԳՆ խոսնակի դիտարկմամբ՝ Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսությունն, այդ թվում՝ այս այցի ժամանակ կայացած քննարկումները չեն սահմանափակվում միայն երկկողմ օրակարգով:

«Դրանք, բնականորեն, ներառում են տարածաշրջանային թեմաները, ինչպես կանխատեսելիության, խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերն, այնպես էլ փոխկապակցվածության ընդլայնման առկա հնարավորությունները»,-շեշտել է Բադալյանը:

Նրա խոսքով՝ ԱԳ նախարարների քննարկումներում առկա է եղել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» և Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրերի համադրելիության, և գուցե ավելին՝ փոխլրացման վերաբերյալ հստակ ընկալում:

«Անդրադարձ է կատարվել նաև միջազգային զարգացումների: Հավելեմ, որ առաջիկայում ծրագրվում են բարձրաստիճան շփումներ, դրանցից զատ ՀՀ ԱԳ նախարարը Չինաստանի իր գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան»,-եզրափակել է Հայաստանի ԱԳՆ խոսնակը:

Չինաստանի կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի անդամ և արտաքին գործերի նախարար Վան Յիի հրավերով՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 25-27-ը պաշտոնական այցով գտնվել է Չինաստանում։