«Ես ստիլիստ եմ, ապրում ու աշխատում եմ Նյու Յորքում»,- այս խոսքերով է հաճախ սկսում իր ինստագրամյան ռիլերը ինքնատիպ ու համարձակ Անգելինան, ով Էջմիածնից հասել է Նյու Յորք՝ իր երազանքի հետևից:
Ոճաբան Անգելինա Խաչատուրյանը ապրում և աշխատում է Նյու Յորքում: Նորաձևության հանդեպ իր սերը դեռ փոքրուց է նկատել: Դեռևս Հայաստանում աշախելով տարբեր բրենդների (Պռեգոմեշ, DANZ և այլն) ու արտիստների հետ, հասկացավ, որ բավականին հետաքրքրված է ոլորտով և ուզում է նոր հմտություններ ձեռք բերել:
«Դրա համար տեղափոխվեցի Նյու Յորք՝ սովորելու: Այստեղ սովորել եմ աշխարհի լավագույն նորաձևության համալսարանում՝ Parsons School of Design-ի Fashion մենեջմենթ բաժնում: Բավականին ընդլայնված ծրագիր էր և հնարավորությոն էր տալիս ընտրելու ուղղությունը: Այն ավելի բիզնես գիտություն էր նորաձևության ոլորտում, բայց ուղություններից մեկը ստայլինգ անելն էր: Նյու Յորքում աշխատելով տարբեր ստիլիստների հետ՝ հասկացա, որ ամենաշատը հետաքրքված եմ սթայլինգով»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Անգելինան:
Նրա խոսքով՝ մարդիկ միշտ տեսնում են վերջնական արդյունքը, սակայն դրան հասնելու համար շատ երկար բիզնես հասկացողություն ու կարողություններ է պահանջվում: «Դրա համար շատ ուրախ եմ, որ ընտրել եմ այս կուրսը ու Ամերիկյան համալսարանից ունեմ նաև բիզնես ադմինիստրացիայի բակալավրի դիպլոմ: Սթայլինգ անելու համար պետք է ունենալ աչք ու բիզնես կառավարելու հմտություններ: Երբ այդ 2-ը կարողանում ես համատեղել, կարող ես համարվել լավ ոճաբան, քանի որ այս ամենը՝ մանավանդ Նյու Յորքում հիմնված է կոնտակտների ու նեթվորքի վրա»,- նշեց մեր զրուցակիցը:
Ոճաբանի խոսքով՝ սթայլինգ անելու առանձնահատկություններից մեկն է՝ առանձնանալ մնացած բոլոր ստիլիստներից, ունենալ սեփական ձեռագիրը: «Երբ աշխատում ես տարբեր բրենդների, սելեբրիթիների և հաճախորդների հետ, բոլորն ունեն իրենց ձայնն ու դու պիտի այնպես անես, որ քո ձայնն ու իրենցը մեկտեղես և ունենաս ճիշտ արդյունք: Դա ևս քեզ կարող է հնարավորությունն տալ ապագայում ավելի շատ հաճախորդներ ունենալու և ինքդ քո ձայնին հավատարիմ լինելու»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց ոճաբանը:
Անգելինա Խաչատուրյանը Նյու Յորքում ապրում է 1 ու կես տարի, ծնվել ու մեծացել է Հայաստանում՝ Էջմիածին քաղաքում: «Նյու Յորքում աշխատել եմ տարբեր բրենդների, Magazin-ների, հայտնի դեմքերի ու հանրահայտ ստիլիստների հետ՝ Nicola Formichetti, Genesis Web, Anna Travelyan, Anastasia Walker, Rita Melssen, Gro Curtis, Hunter Clem: Այնպիսի դեմքերի հետ, ովքեր սթայլինգ են անում Լեդի Գագային, Ռիհաննային, Իրինա Շեյքին, Մադոննային: Ես նրանց հետ աշխատում եմ որպես սթայլինգ ասիստենտ, օգնում եմ իրենց ֆեյշն պատմությունները կյանքի կոչել»,- պատմեց Անգելինա Խաչատրյանը: