Հայաստանում Հունաստանի դեսպանատան ու այստեղ նստող հյուպատոսի կամայականությունները շարունակվում են։ MediaHub-ը վերջերս այս թեմային անդրադարձել էր, որ բազմաթիվ քաղաքացիներ դիմում են Հունաստանի դեսպանատուն՝ վիզա ստանալու և իրենց հանգիստը Հունաստանում կազմակերպելու համար, սակայն դեսպանատունը անհիմն պատճառներով, առանց որևէ տրամաբանության համատարած մերժում է։
Մեզ դիմած քաղաքացիներն ասում էին, որ խնդիրը հյուպատոսի մեջ է, որը, ըստ այդ քաղաքացիների, հավանաբար ներգրավված է կոռուպցիոն գործարքների մեջ ու առանց փողի հրաժարվում է վիզա «խփել»: Մեր հրապարակումից հետո որոշ քաղաքացիների տրամադրել են վիզաներ, բայց դա տևել է շատ քիչ։ Որոշ ժամանակ անց նորից սկսել են համատարած մերժել ու Շենգեն գոտու երկրներ բազմաթիվ մուտքեր ունեցած, նորմալ փաստաթղթերով, ֆինանսական վստահելի միջոցներով քաղաքացիներին առանց հիմնավորման շարունակում են մերժել ու թույլ չտալ, որ ՀՀ քաղաքացիներն իրենց հանգիստը կազմակերպեն Հունաստանում և փող ծախսեն այդ երկրում։
Այսօր MediaHub-ին հերթական մերժված քաղաքացին ահազանգեց, որ ինքը երբևէ որևէ խնդիր չի ունեցել Շենգեն գոտու երկրներ մուտքի մասով, ունի պատշաճ ֆիանանսական միջոցներ, ամրագրել էր հյուրանոցը, գնել ավիատոմսը, սակայն Հունաստանի դեսպանատունը մերժել է իրեն ու կնոջը վիզա տրամադրել, որ իրենց ամառային հանգիստն այնտեղ անցկացնեն։
Մեզ դիմած քաղաքացին, որը չներկայացավ ու ցանկացավ անանուն մնալ, հայտնեց, որ իր տեղեկություններով՝ Հունաստանի դեսպանատանը կոռուպցիոն սխեմա է գործում, ավելին՝ ինչ-որ անձինք իրեն առաջարկել են կոնկրետ գումարի դիմաց (1500 եվրո), առանց վիզա կենտրոնների միջամտության իր համար մեկ տարով վիզա «դասավորել»։ Այսինքն՝ հանդես են եկել որպես միջնորդ, թեև մեր զրուցակիցը հստակ չգիտի, թե ո՞ր կառույցի հետ կապ ունի այդ անձնավորությունը՝ կոնկրետ դեսպանատա՞ն, տուրիստական գործակալությա՞ն, թե՞ Վիզա կենտրոնի:
Քաղաքացին, բնականաբար, հրաժարվել է։ Քանի որ մեզ դիմած քաղաքացին ցանկանում էր այս կերպ իր մտահոգությունն արատահայտել Հունաստանի դեսպանատան կամայականությունների վերաբերյալ ու նաև փորձել բարձրացնել ենթադրաբար կոռուպցիոն սխեմաների հարցը, ապա մենք հարկ համարեցինք բարձրաձայնել այս մասին և այս հրապարակմամբ հրավիրել ինչպես ՀՀ ԱԳՆ-ի, այնպես էլ ՀՀ-ում Եվրամիության ներկայացուցչության, նաև իրավապահ կառույցների ուշադրությունը։
Ակնկալում ենք, որ համապատասխան մարմիններն՝ ամեն մեկն իր լիազորությունների շրջանակում, կուսումնասիրի խնդիրը և կպարզի՝ իսկապե՞ս Հունաստանի դեսպանատանը գործում է կոռուպցիոն սխեմա վիզաների տրամադրման հարցում, թե՞ ոչ։ Թող ուսումնասիրեն և, եթե կհաստատվի, համապատասխան քայլեր ձեռնարկեն, եթե ոչ՝ հերքեն։
Քանի որ Հունաստանի դեսպանատան հետ կապ հաստատել չի հաջողվում, մենք պատրաստ ենք լրացուցիչ հրապարակել նաև իրենց մեկնաբանությունը կամ պարզաբանումը վերոհիշյալի կապակցությամբ։
Վահե Մակարյան