Շատ վտանգավոր հայտարարություն է, պետականացումն ընդհանրապես եթե նույնիսկ որևէ երկրում տեղի է ունենում այդպիսի բան, դա այնքան գեղեցիկ փաթեթավորված ու քողարկված է տեղի ունենում, որ երբևէ որևէ տեսակ արտաքին պոտենցիալ ներդրողներին դա չհասնի: Այս մասին հայտարարել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ ՀԷՑ-ը պետականացնելու մասին հայտարարություններին:
Նրա խոսքով՝ կապիտալիզմում սեփականության իրավունքի երաշխավորությունն ու պաշտպանությունն աքսիոմատիկ անհրաժեշտություն է:
«Եթե հանկարծ սկսվի այդպիսի պրոցես, ապա տապանաքար է դրվում ՀՀ ներդրումային գրավչության վրա: Այդպիսի խոսույթն առաջնային մեսսիջ է պոտենցիալ ներդրողներին՝ ՀՀ-ն չի պատրաստվում որևէ տեսակ ներդրում ընդունել և այստեղ որևէ ձևով ձեր սեփականության իրավունքը պաշտպանված չի լինի:
Եթե դա զուգորդվում է իրավապահ մարմիններին հրահանգելով ու գործարարի նկատմամբ նման վերաբերմունքով, սա նշանակում է, որ ոչ միայն սեփականության իրավունքը, այլ նաև դատական համակարգն է ուզուրպացված հետևաբար այս երկուսի միասնությունը բոլոր տեսակի ներդրողներին հետ է վանում»,- ասել է նա: