Վարչապետ Փաշինյանն այս առավոտ իր և կնոջ մոտ կրթվելու չգնացող քաղաքացիներին անվանել
է «տխմար»։ «Մի մարդ, հազարամյակներ
առաջ ասել է․ «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»։ Այս արտահայտությունը արդեն հազարամյակներ
փոթորկում է մտածող մարդկանց միտքը։
Բայց հիմա ոմանք ծաղրում են կրթվելուն, ավելին իմանալուն, կատարելագործվելուն
ուղղված շարժումը։ Այդ ոմանց բացի տխմարից ուրիշ ի՞նչ անվանես»։
Նախ որևէ մեկը չի ծաղրում
կրթվելը կամ կրթված լինելը՝ գուցե ծաղրում են համալսարան ընդուված և չավարտած կիսագրագետ
պաշտոնյաներին, ովքեր չգիտեն, օրինակ, որ «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ» արտահատության հեղինակը, ոչ թե մի մարդ
է, այլ՝ վերագրվում է Սոկրատեսին։ Ծաղրում են այն անկիրթներին, ովքեր փորձում են կրթվածի
տպավորություն թողնել և մի բան էլ՝ կրթել մյուսներին։ Մի հայտնի խոսք կա՝ «երբ լռում
ես մադիկ միայն մտածում են, որ դու հիմար ես, իսկ երբ խոսում ես՝ համոզվում են դրանում»։
Անկիրթ կամ թերի կրթություն
ունեցող մարդիկ, (իհարկե, նայած ինչպես ես հասկանում այս արտահայտությունները), ևս
ՀՀ քաղաքացիներ են։ Եվ ցանկացած կիրթ մարդ իր համաքաղաքացիների մի մասին չի անվանի
տխմար, չի վիրավորի։
Էթիկայի խախտումն անգամ
երևում է «Կրթվելը նորաձև է» փաշինյանական
ընտանիքի արշավում։ Եթե վարչապետն իր քաղաքացիներին բաժանում է «կրթվածների» և «տխմարների»,
ապա հարց է առաջանում՝ կարո՞ղ է արդյոք նա լինել այդ քաղաքացիներին կրթողը։ Եթե առաջնորդը
ցանկանում է կրթել ժողովրդին՝ նա պետք է խոսի կրթված մարդու լեզվով։ Կրթությունը ոչ
թե «նորաձևություն» է, այլ՝ կենսական անհրաժեշտություն, ազգային անվտանգության և զարգացման
ամենակենտրոնական հենասյունը։ Ի վերջո, նորաձևությունը փոխվում է, իսկ կրթություն ստանալը
պիտի անդրդվելի արժեք լինի։ Կրթությունը կամ կա պետության հիմքում, կամ պետությունն
իր հիմքը կորցնում է։
Կրթված մարդը՝ հատկապես
հանրային իշխանություն ունեցող մեկը, իր երկրի բնակիչների մի մասին «տխմար» երբեք չի
անվանի։ Եվ դա ոչ միայն քաղաքավարության կամ բարեկրթության հարց է, այլ՝ շատ ավելի խորքային խնդիր է, որը վերաբերում է արժեհամակարգին,
պատասխանատվությանը և առաջնորդության էթիկային։ Իրապես կրթված մարդը գիտի՝ տգիտությունը մեղք չէ։
Մարդիկ կարող են չկրթվել տարբեր պատճառներով՝ սոցիալական անհավասարություն, կրթական
համակարգի թերություններ, տեղեկատվական աղքատություն։ Կրթված մարդը տեսնում է դրա պատճառները,
ոչ թե՝ դատում հետևանքը։ Իրապես կրթված մարդը չի նվաստացնում, այլ՝ կրթում է, եթե իրապես
կարող է այդ առաքելությունն իր վրա վերցնել։ Ամեն ուսուցչի չէ, ումն աշակերտները լսում
և սովորում են, ամեն ուսուցիչ չէ, ով կարողնում է և ունակ է կրթել։ Երբեմն ուսուցիչների
չիմացությունն է դառնում դասապրոցեսի տապալման պատճառ։ Կրթված մարդը գիտի՝ յուրաքանչյուր
վիրավորանք հեռացնում է, իսկ կրթելու ուժը՝ մոտեցնում։ Իսկ առաջնորդը, ով չի կարող
բացատրել ու ներշնչել, փորձում է նվաստացնել։ Դա տկար առաջնորդության նշան է։ Վիրավորանքը
ապակենտրոնացնում է հասարակությունը։ Երբ երկրի ղեկավարը քաղաքացիներին բաժանում է
«իմաստունների» ու «տխմարների», նա ոչ թե առաջնորդում է հասարակությանը, այլ՝ պառակտում։
Իսկ կրթված առաջնորդը միավորող է, ոչ խարանող։ Կրթված մարդը չի օգտագործում իր կրթվածությունը
որպես մտրակ, այլ՝ որպես կամուրջ։
Կրթված լինելը հենց
այն պատասխանատվությունն է, որը թույլ չի տալիս մարդուն մեկ ուրիշին «տխմար» անվանել։