Foto

Սուրբ Էջմիածինը դարեր շարունակ ամուր կանգնած է եղել և դա վկայությունն է մեր հաղթական ոգու ամրության. Տեր Եսայի քահանա Արթենյան

  Այսօր ամփոփվում է Արարատյան շաբաթը: Շաբաթը հագեցված էր տոներով, որոնք ներկայացնում են այն իրողությունը՝ պատմական ու հոգևոր խորհուրդներով, որոնք տեղի են ունեցել Արարատյան դաշտում, լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Նա ավելացրեց, որ այս տոնը հավատացյալ  ժողովրդի համար ուխտագնացության օր է եղել.«Պարզապես այս տարի բացառիկ է նաև նրանով, որ հանվել են Մայր Աթոռում  պահվող 7 Սրբություններ՝ ժողովրդի երկրպագության համար: Մայր Աթոռը համայն հայության հոգևոր տունն է, որտեղից ծնվել ենք բոլորս»:

 Անդրադառնալով եկեղեցու նկատմամաբ ոտնձգություններին՝   Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ դժվար է մեկ բառով ասել, թե դրանով ինչ խնդիր են փորձում լուծել. « Վերջին ամիսներին տեղի ունեցողը բոլորիս աչքի առջև է և Մայր Աթոռը տարբեր առիթներով  իր դիրքորոշումն արտահայտել է: Պարզապես պետք է ասել՝ ցավալի է, որ հայ իրականության մեջ կարող են այսպիսի դրսևորումներ տեղի ունենալ: Սուրբ Էջմիածինը դարեր շարունակ ամուր կանգնած է եղել և դա վկայությունն է մեր հաղթական ոգու ամրության, ամուր դավանանքի: Այս փորձություններն էլ կանցնենք»: