Անկախ Հայաստանի պետականության կարևոր սյուներից մեկը եղել և մնում է իրավական պետության կառուցումը։ Երբ անհատների կամ կազմակերպությունների կողմից հնչող հոգևոր արժեքների կամ խղճի ազատության դրսևորումը դառնում է քաղաքական հետապնդման առիթ, վտանգվում են ոչ միայն այդ անհատները, այլև՝ պետության ինստիտուցիոնալ կայունությունն ու ժողովրդավարական հեռանկարը։ Այս մասին նշվում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
«Այսօր տեղի ունեցողը չի կարելի դիտարկել որպես իրավական գործընթաց։ Սա բացահայտ քաղաքական հաշվեհարդար է՝ իրական դատական ու իրավական կարգի քողի ներքո։
Բիզնես միջավայրը զարգանում է միայն այն պետություններում, որտեղ կա կայունություն, վստահություն իշխանության նկատմամբ և կանխատեսելիություն իրավական համակարգում։ Սակայն երբ գործարարի նկատմամբ հետապնդում է սկսվում միայն այն պատճառով, որ նա արտահայտել է սեփական խղճի ազատությունը՝ աջակցելով Հայ Առաքելական Եկեղեցուն, գործ ունենք ոչ թե տնտեսության առողջացման, այլ՝ քաղաքական բռնաճնշումների վտանգավոր հետևանքների հետ։ Սա հարված է ոչ միայն տնտեսությանը, այլև՝ մասնավոր սեփականության իրավունքին, ներդրումային միջավայրին և երկրի տնտեսական անվտանգությանը։
Այսօր թիրախում է Սամվել Կարապետյանը, վաղը կարող է լինել յուրաքանչյուրս։ Երբ իշխանությունը հատում է այն սահմանը, որտեղ քննադատական կարծիքը հռչակվում է «հանցանք», սա այլևս միայն քաղաքական հարց չէ։ Սա գոյաբանական մարտահրավեր է՝ ժողովրդավարական Հայաստանի համար։
Մենք չենք կարող և չենք պատրաստվում լռությամբ ընդունել, որ պետությունը վերածվի ճնշումների, հետապնդումների, վախի ու միայն սեփական շահերը սպասարկող քաղաքական մեքենայի։
Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող գործողությունները ակնհայտ քաղաքական հաշվեհարդար են, որոնք թաքնված են իրավական ընթացակարգերի անվան տակ։ Սա վտանգավոր նախադեպ է՝ բիզնեսի լռեցման, խոսքի ազատության սահմանափակման և հոգևոր արժեքների արժեզրկման գործընթացի շրջանակում։
Այսօր ցանկանում են պետականացնել ոչ միայն ՀԷՑ-ը, այլ նաև՝ ինքնուրույն մտածողությունը։
Մենք խորապես համոզված ենք՝ իշխանությունը պետք է լինի օրենքի ծառա, ոչ թե իր սեփական վախերի տերը։
Ժողովրդավարությունն ու իրավունքների պաշտպանությունը սկզբունքներ են, որոնցից հրաժարվելու որևէ փորձ պետք է ստանա արժանի հակազդեցություն՝ ողջ հասարակության կողմից»,-նշվում է հաղորդագրության մեջ։