Մեկ տարի առաջ
այս օրը՝ հունիսի 12-ին, Բաղրամյան պողոտայում բախում տեղի ունեցավ ցուցարարների և
ոստիկանների միջև։
«Տավուշը հանուն հայրենիքի»
շարժման մասնակիցները փակել էին Բաղրամյան պողոտան, իսկ ԱԺ-ում ընթանում էր կառավարության
հարցուպատասխանը, որին ներկա էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Ցուցարարներն ինչ-որ պահի փորձեցին
մուտք գործել ԱԺ և դարպասների մոտ հանդիպեցին ոստիկանական բիրտ ու հակաօրինական դիմադրությանը։
Ինչո՞ւ հակաօրինական, քանի որ ոստիկանությունն այդ օրը կիրառեց «Զարյա» տեսակի առնվազն
20 լուսաձայնային նռնակ։ «Զարյա» նռնակների կիրառումը թույլատրելի է միայն բաց տեղանքում
և մարդուց նվազագույնը 2.5 մետր հեռավորության վրա, մինչդեռ ուղիղ եթերում տեսանելի
էր, որ դրանք նետվում էին ուղիղ ցուցարարների վրա։ Բախումների հետևանքով վիրավորվեց
100-ից ավելի մարդ։ Քաղաքացիներից մեկի դաստակը նույնիսկ ամպուտացվեց։ Անգամ կադրերն
էին սարսափելի։ Վիրավորվեցին լրագրողներ, օպերատորներ, որոնք պարզապես իրենց մասնագիտական
գործունեությունն էին իրականացնում։
Թվում է, թե այս իրավիճակում պետք է իրականացված լիներ ծառայողական քննություն, կոշտ պատասխանատվության ենթարկված լինեին հակօրինական գործողություններ իրականացրած բոլոր ոստիկանները, ինչպես նաև նման հրաման տված բարձրաստիճան պաշտոնյաները։ Ցավոք, այդպես չեղավ։ Մինչ օրս ոստիկանության պաշտոնյաներից որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել քաղաքացիներին վնասվածքներ պատճառելու համար, փոխարենը, որպես մեղադրյալ, դատարանի առջև կանգնած է 16 խաղաղ ցուցարար։ Նրանցից և ոչ մեկը զինված չէր։ Նրանք մեղադրվում են Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բողոքի ակցիայի ընթացքում զանգվածային անկարգություններ և խուլիգանություն կատարելու մեջ։ Գործն արդեն դատարանում է։
Որևէ ոստիկանի մեղադրանք
առաջադրված չէ։ Քննչական կոմիեում անջատված մասով նույնիսկ որևէ մեկը մեղադրյալի կարգավիճակ
չունի։ Ահա սա է ժողովրդավարությունը բրենդ հռչակած քաղաքական ուժի իրավահավասարության
մակարդակի ընկալումը։