ՀՀ առողջապահության նախարարությունը «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակում Եվրոպայի խորհրդի հետ համատեղ կազմակերպել էր արտագնա սեմինար, որի թեման էր «Օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ոլորտում մարդու իրավունքների սկզբունքները. Օվիեդոյի կոնվենցիայով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ելույթում նշեց, որ քննարկվող թեման Հայաստանի առողջապահական համակարգի շատ կարևոր ուղղություններից մեկն է։«Առողջապահական ոլորտում բոլոր հարցերն էլ նուրբ են և էթիկական առումով զգայուն, իսկ դոնորական օրգանների փոխպատվաստման գործընթացն առավել ևս ներկայացնում է մի ներկապնակ՝ իր բարդություններով, ուստի չափազանց կարևոր է, որ մեր հանրությունը ճիշտ տեղեկացված լինի, թե ինչ ենք նախատեսում և ինչ ենք ուզում իրականացնել։ Մենք սերտորեն համագործակցում ենք մեր գործընկերների, այդ թվում Եվրոպայի խորհրդի հետ, որովհետև իսկապես բարձր ենք գնահատում տեխնիկական օժանդակությունն ու աջակցությունն Օվիեդոյի կոնվենցիայի ռատիֆիկացման շրջանակում։ Գտնում ենք, որ Հայաստանի օրենսդրությունը բժշկական էթիկական նորմերի և բիոլոգիական անվտանգության առումով, ինչպես նաև այլ ուղղություններով իսկապես առաջընթացին միտված մեծ քայլեր է կատարել»,-ասաց Ավանեսյանը։Նախարարի կարծիքով՝ տվյալ հարցում առաջնային կարևորություն ունեն իրավական կարգավորումները, որոնց էական բաղադրիչը նախ դոնորական օրգանների օգտագործման թույլատրումն է, այնուհետև փոխպատվաստումների իրականացման նպատակով համաձայնության ձեռքբերումը, և ապա մյուս օղակներում անհրաժեշտ իրավական կարգավորումները։«Աշխարհում կա հարցի կարգավորման երկու ձևաչափ․ մի դեպքում անձը համաձայնվում է լինել դոնոր, մյուս դեպքում հրաժարվում է դրանից։ ՀՀ-ում, օրենսդրության համաձայն, 2010-ական թվականներին ընդունվել է երկրորդ մոդելը, ինչից հետո Սահմանադրական դատարանը դիտարկեց խնդիրը՝ կատարելով որոշակի փոփոխություններ։ Ըստ մեր օրենսդրության՝ եթե ՀՀ քաղաքացին չի ցանկանում դոնոր լինել իր մահվանից հետո, պետք է իր ամբուլատոր քարտում այդ մասին նշում կատարի։ Սահմանադրական դատարանի դիտարկման համաձայն, երբ անձը չի հրաժարվում դոնոր լինելուց իր կենդանության օրոք, ապա նա կամ նրա օրինական ներկայացուցիչը պետք է այդ որոշման մասին նույնպես հստակ նշում կատարի ամբուլատոր քարտում»,-պարզաբանեց ՀՀ առողջապահության նախարարը։ Ավանեսյանը կարևորեց իրազեկվածության խնդիրն ու նմանօրինակ միջոցառումների անցկացումը, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն գործընթացից։«Կարգավորումների հաջորդ հատվածը վերաբերում է այն հանգամանքին, որ մեր երկրում դոնորությունն անվարձահատույց է, սակայն այստեղ էլ կա ճիշտ լուսաբանման և մարդկանց խնդիրը հստակ ներկայացնելու կարիք։ Թեև դոնորությունն անվարձահատույց է, սակայն օրգան վերցնելն ու տեղադրելը որոշակի ծախս ենթադրող գործողություններ են, ուստի մենք կարգավորումների արդյունքում այդ գործողությունները դնում ենք փոխհատուցման գնի շրջանակում, այսինքն՝ ո՛չ անձը, ո՛չ նրա հարազատները փոխպատվաստման համար նախատեսված օրգանների դիմաց փոխհատուցում չեն ստանում, վճարվում է միայն բժշկական միջամտությունը»,-մանրամասնեց նախարարը։ Ավենեսյանը հավելեց, որ Սահմանադրական դատարանի դիտարկմանը համահունչ՝ կատարվել է լրացում, որի համաձայն՝ փոխպատվաստման համար նախատեսված հյուսվածքը կամ օրգանը վերցնելու ժամանակ նաև պետք է լրացուցիչ կերպով անձի հարազատը տեղեկացվի այդ մասին։ Նախարարի խոսքով՝ առողջապահական գերատեսչությունը կարևորում է օրգանների փոխպատվաստման գործընթացը նաև այն առումով, որ դա նախևառաջ կյանք փրկող միջամտություն է։ Նման գործողություններն այլ երկրներում իրականացնելը շատ թանկ է, հետևաբար այդ առումով մեր քաղաքացիների համար դրանք անհասանելի են։ Շատ դեպքերում նման ծառայություններից օգտվելու համար մարդիկ ուղղակի արտագաղթում են։«Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ նման բարդ վիրահատությունները խթան են հանդիսանում մեր բժշկության զարգացման համար՝ նպաստելով մեր մասնագետների որակավորման բարձրացմանը։ Եթե մի բժշկական կենտրոնում բուժանձնակազմը կարողանում է իրականացնել, օրինակ, լյարդի փոխպատվաստում, ապա դա նշանակում է, որ այդ կենտրոնն, ընդհանուր առմամբ, զգալի ներդրում է կատարել իր բազմաթիվ բաժանմունքների թե՛ մասնագիտական որակավորումը բարձրացնելու, թե՛ սարքավորումներով ապահովելու գործում։ Սա փաստորեն ունի դոմինոյի էֆեկտ, երբ զարգանում են նաև բժշկագիտական այլ ուղղությունները»,-ասաց Ավանեսյանը։ Նրա դիտարկմամբ՝ տվյալ հարցում շատ կարևոր է ինստիտուցիոնալ զարգացումը, և եթե չլինեն անհրաժեշտ իրավակարգերն ու ընդհանուր ամբողջական շղթան, ցանկալի արդյունքներ չեն գրանցվի։ Ըստ նրա՝ գործ ունենք բավականին նուրբ ոլորտի հետ, որտեղ բացթողումները կարող են ստվերել ծառայությունների ընդհանուր աշխատանքը։ «Մեր գերատեսչության և առհասարակ պետության դերը ճիշտ կառուցակարգերի ստեղծումնէ։ Ուրախալի է այն, որ մեր բժշկական կենտրոններն ու մասնագետները պատրաստ են աջակցել այդ գործընթացին, առավել ևս որ իրենց կարողություններով ու հմտություններով արդեն ունակ են մատուցել նման ծառայություններ։ Նախորդ տարիների ընթացքում օրգանների փոխպատվաստումների հետ կապված խնդիրներ չենք ունեցել»,-հավաստիացրեց նախարարը։ Ավանեսյանը ներկայացրեց նաև վիճակագրական տվյալներ՝ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է ողջ մարդկանց կողմից դոնորության միջոցով իրականացված վիրահատություններին, մինչդեռ դիակային դոնորությունը մեզանում դեռ սկզբնական փուլում է։ Այսպես՝ 2022 թվականին Հայաստանում իրականացվել է երիկամի 16 փոխպատվաստում, 2023 թվականին՝ 20, 2024 թվականին՝ 22, իսկ ընթացիկ տարվա մայիսի 21-ի դրությամբ իրականացվել է երիկամի 8 փոխպատվաստում։ Համապատասխանաբար նույն տարիների կտրվածքով իրականացվել է նաև լյարդի 2, 5 և 4 փոխպատվաստում, իսկ ընթացիկ տարում դեռ նման փոխպատվաստում չի կատարվել։ 2022-2024 թվականներին իրականացվել է ոսկրածուծի ցողունային բջիջների համապատասխանաբար 27, 43 և 57 փոխպատվաստում։ Ընդ որում՝ պետության աջակցության միտումն, Ավանեսյանի պնդմամբ, ամեն տարի ավելանում է, այսինքն՝ պետական պատվերի շրջանակում կատարվում է փոխհատուցում, որոշ փոխպատվաստումների մասով ամբողջական գումարի մասին է խոսքը, իսկ որոշ դեպքերում էլ 50 տոկոս կամ ավելի չափով։