Foto

Իսրայելը մտադիր է Գազայում համագործակցել ՀԱՄԱՍ-ի դեմ հանդես եկող ուժերի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ խոստովանել է, որ իր երկիրը համագործակցում է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման դեմ հանդես եկող պաղեստինյան մի քանի ուժերի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Ինչպես նշում է գործակալությունը, Իսրայելի վարչապետը սոցիալական ցանցերում գրել է, որ երկիրն «ակտիվացրել է աշխատանքը» Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ հանդես եկող մի քանի պաղեստինյան կլանների հետ։ Այս հայտարարությունը դարձել է անկլավում գտնվող զինված պաղեստինյան խմբավորումներին Իսրայելի աջակցության առաջին հրապարակային խոստովանությունը։

Միևնույն ժամանակ Նեթանյահուն չի պարզաբանել, թե հատկապես ինչ աջակցություն է Իսրայելը ցուցաբերում այդ կլաններին, և նրանք կոնկրետ ինչ դեր են խաղալու։ Նա ասել է, որ կառավարությունը համագործակցության շուրջ որոշում է ընդունել «անվտանգության ծառայության աշխատակիցների» խորհրդով՝ իսրայելցի զինվորների կյանքը փրկելու համար։

Իսրայելցի մի պաշտոնյա գաղտնիության պայմանով AP-ին հայտնել է, որ Իսրայելի առաջնորդի հայտարարության մեջ խոսքն, այսպես կոչված, «Ժողովրդական ուժերի» մասին է, որոնք գլխավորում է Յասեր Աբու Շաբաբը։ Այս զինված պաղեստինյան խմբավորումը գործում է Գազայի հատվածի հարավային մասում, առավելապես Ռաֆահ քաղաքի շրջանում։ Խմբի անդամները հրապարակավ հայտարարում են, որ իրենց առաքելությունն են համարում են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներ մարդասիրական օգնության մատակարարումների անվտանգության ապահովումը։