Foto

Սյունեցի անչափահասներին ադրբեջանցիները նստեցրել են մեքենա և տարել. ի՞նչ է հայտնի

Քիչ առաջ ԱԱԾ-ն հայտնեց, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում:

Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։
ԱԱԾ-ն հայտնեց, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ։

MediaHub-ին մանրամասներ են հայտնի դարձել դեպքից. մեզ հետ զրույցում Արավուս գյուղի բնակիչը նշեց՝ տղաները շրջանավարտներ են եղել, այս տարի են ավարտել 12-րդ դասարանը։

«Անչափահասները ձիով գիշերը գնացել են անտառ ՀՀ տարածքում, որ իրենց մյուս ձին բերեն, դրոն էլ է բարձրացվել, տեսել ենք, թե ինչպես են ադրբեջանցիները մոտենում և նստեցնում մեքենա և տանում երեխաներին։ Այս պահին շատ վատ վիճակ է, գյուղի բնակիչները սարսափած են, չգիտեն՝ ի՞նչ է լինելու: ԱԳՆ-ն, ՊՆ-ն կամ ԱԱԾ-ն պիտի քայլեր ձեռնարկեն և հետ բերեն երեխաներին»,- նշեց գյուղի բնակիչը: 

Ըստ նրա՝ երեխաները զինված չեն, միայն ձիով են, բոլորը անհանգստացած են՝ շատ վտանգավոր է իրենց գտնվելն Ադրբեջանի տարածքում, ադրբեջանցիների ձեռքում: