Foto

Արցախի պետական ինստիտուտների շուրջ բարդ իրավիճակ է ստեղծվել. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ Արցախի պետական ինստիտուտների շուրջ բարդ իրավիճակ է ստեղծվել:

Նրա խոսքով՝ իշխանությունը տարբեր խողովակներով և ազդեցության միջոցներով խոչընդոտում է Արցախի սահմանադրությամբ նախատեսված գործընթացների իրականացմանը` ապահովելով ադրբեջանական ևս մեկ նախապայմանի կատարումը` Արցախի պետական ինստիտուտների լուծարման ճանապարհով Արցախի հարցի փակումը:

«Այս դեպքում, խոսքը նախագահական ինստիտուտի շարունակականության ապահովման շրջանակներում ընտրության իրականացման մասին է:

Ճիշտ է, արցախցի որոշ գործիչների համառության հաշվին Արցախի խորհրդարանն իր գործունեությունը խիստ սահմանափակ գործառույթների պայմաններում իրականացնում է, սակայն շարունակում է մնալ իշխանության մշտական թիրախավորման դաշտում:

Այն ուժերը, գործիչները, ովքեր համարում են, որ Արցախի էջը փակված չէ և իրականում պայքարում են Արցախի հարցի միջազգայնացման և արցախցիների հավաքական վերադարձի համար, նախ պետք է հաղթահարեն իրենց վախերը, դուրս գան կոմֆորտ զոնայից և առաջնորդվեն երկարաժամկետ պայքարի ռազմավարությամբ:

Սա, առաջին հերթին, վերաբերվում է, պայմանականորեն, արցախյան քաղաքական դաշում գործած և ներկայումս Արցախի խորհրդարանի ներսում և դրսում գործող ուժերին, իսկ առանձին հարթությամբ էլ` ՀՀ այն քաղաքական ուժերին, ովքեր նվազագույնն Արցախի հարցում ՀՀ իշխանության դիրքորոշումը չեն կիսում»,- նշել է Աբրահամյանը։