Foto

Փրկարար ծառայությունն առաջիկայում կհամալրվի 10 հրշեջ-փրկարարական մեքենայով

Հայաստանի փրկարար ծառայությունն առաջիկայում կհամալրվի նոր տեխնիկայով. 2025 թվականին նախատեսվում է սկսել 10 հրշեջ-փրկարարական մեքենաների գնման գործընթաց՝ եվրոպացի գործընկերների օժանդակությամբ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որտեղ քննարկվում է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը։ 

«Այս տարվա բյուջեով արդեն նախատեսված են միջոցներ, որոնք թույլ կտան գնել մի քանի հրշեջ-փրկարարական մեքենաներ։ Սակայն հատուկ տեխնիկայի ձեռքբերումը բավականին բարդ գործընթաց է, քանի որ շատ դեպքերում միջազգային շուկաները չեն սպասարկում Հայաստանի նման մրցույթները։ Շատ մատակարարներ պատրաստակամություն են հայտնել մասնակցելու, սակայն հանդիպում ենք ժամկետային և ընթացակարգային խնդիրների։ Այս պահին արդեն կրկին հայտարարել ենք մրցույթը՝ նոր գույք ձեռք բերելու նպատակով»,– ընդգծեց նախարարը։ 

Նա հավելեց, որ 2025 թվականի պետական բյուջեի նախագծի շրջանակում ևս հայտ է ներկայացվելու հրշեջ-փրկարարական նոր գույքի ձեռքբերման համար։ 

«Միևնույն ժամանակ, ունենք եվրոպական գործընկերների նախնական համաձայնությունը, որ արդեն այս տարի սկսենք 10 հրշեջ-փրկարարական մեքենաների գնման գործընթացը՝ նրանց աջակցությամբ»,- ասաց Սարգսյանը։