Փաշինյանն այսօր ԱԺ-ում, 2024թ-ի պետական բյուջեի կատարման տարեկան
հաշվետվությունը ներկայացնելիս, հայտարարեց, որ հոգևոր կյանքին հաղորդակցությունը նույնպես
պետական բյուջեի ծախսային տող է. «Որովհետև այսօր մեր պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ,
որոնք այդ թվում հոգևոր կյանքի անբաժանելի մաս են, որպես պատմամշակութային հուշարձան, պատկանում են պետությանը, այսինքն պետության սեփականությունն են և գտնվում են պետության
հոգածության ներքո։
Ենթակառուցվածքներ պետք է լինեն, որպեսզի մարդիկ հնարավորություն
ունենան հաղորդակցվել այդ հոգևոր արժեքների հետ, բայց նաև պետք է կառավարությունը խստիվ
վերահսկողություն սահմանի, որպեսզի, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, ոմանք այդ
պատմամշակութային հուշարձանները չուլան, չդարձնեն, որովհետև էլի եմ ասում, դա վիրավորում
է մարդկանց հոգևոր զգացումները»,– ընդգծեց նա։
Փաստացի Փաշինյանն
այս մտքերով ընդունում է, որ «չուլանի» են վերածվել կառույցներ, որոնք պետության սեփականությունն
են, այն պետության, որի ղեկավար պաշտոնը զբաղեցնում է ինքը։ Այնպիսի տպավորություն է,
որ միտքը հնչեցնում է ինչ-որ երրորդ անձ։ Պետք է լինեն ենթակառուցվածքներ, պետք է մարդկանց
հնարավորություններ ըձեռել, պետք է կառավարությունը վերահսկողություն սահմանի և այլն։
Այնպիսի տպավորություն է, որ ինքն այդ կառավարության հետ ոչ մի առնչություն չունի,
ինչ-որ ակտիվիստ է, որ կառավարության բացթողումների մասին է խոսում և ասում է, թե ինչ
լավ կլիներ, եթե կառավարությունն անտերության չմատներ պատմամշակութային հաստատությունները
և թույլ չտար կամ գոնե այսուհետ թույլ չտա, որ այն վերածվի «չուլանի»։
Ստացվում է, որ Փաշինյանն
իրեն այդ կառույցների տերն ու տիրականն է զգում, բայց երբ գալիս է պատասխանատվություն
վերցնելու պահը, խնդիրը կարգավորելու պահը դա պետք է ինչ-որ ուրիշ մարդիկ անեն։
Ի դեպ, երբ վարչապետը
խոսում է քաղաքացիների և, որպես քրիտոնեա, իր հոգևոր զգացումնունքները վիրավորելու մասին,
կարելի էր հարգել նաև մյուս քրիստոնեաներին և պարզապես խնդիրը կարգավորել անաղմուկ։ Որպես քրիտոնեա,
ով այդքան իշխանություն ունի, ԿԳՄՍ նախարարի օգնությամբ կխնդրեր այցելել բոլոր մշակութային
կառույցներ, եկեղեցիներ և դրանց ղեկավարների ու քահանաների հետ կխոսեր, եղած խնդիրներն
արագ կշտկեր, հաջորդ փուլում բոլոր քրիստոնեաներին կհրավիրեր շաբաթօրյակի՝ իրենց մոտ
գտնվող եկեղեցի կամ այլ պատմամշակությային վայր։ Այդ կերպ և՛ խնդիրը կլուծվեր, և՛ քաղաքացի-եկեղեցի
կապը կամարանար։
Այստեղ առաջանում է
հաջորդ հարցը։ Փաշինյանի իշխանությունը ցանկանո՞ւմ է, որ քաղաքացի-եկեղեցի կապն ամրանա։
Նման կոչին վստահաբար
շատ ու շատ քահանաներ, եկեղեցական վերնախավը և գուցե նաև կաթողիկոսը միանար, եթե Մայր տաճարի տարածքում
նման անմխիթար վիճակ լիներ։ Բայց ո՛չ, վարչապետին դա պետք չէր։ Նա այսօր կրկին եկեղեցին
«չուլան» անվանեց՝ ցույց տալու համար, որ նախորդ օրը Մայր աթոռի տարածած հաղորդագրությունն
իր համար ոչինչ չի նշանակում, որ այսքան քաղաքցիների և հավատավորների հորդորներ, թե
զերծ մնացեք եկեղեցուն թիրախավորելուց, իր համար արժեք չունեն։
Վարչապետը լուռ, իր նկատած կամ մտացածին խնդիրը լուծելու փոխարեն, նախընտրեց աղմուկը, ամեն ինչ արեց, որ թիրախավորի եկեղեցուն՝ ընդհուպ մինչև հոգևորականների
անկողին մտնելը։ Սա անհատի տեսակի խնդիր է, արժեքները չգնահատելու և քոնը չհամարելու
մասին է։ Ամեն դեպքում, երբ հայտարարում ես, որ դրանք քո իշխանության ներքո են, ապա պետք
է ինքդ քեզ հարցնես, թե ինչո՞ւ ես պատմամշակութային հաստատությունները և եկեղեցիները 7 տարում վերածել մի կառույցի, որի դու
«չուլան» ես անվանում։ Իսկ եթե դա էլի նախկիններն են արել, ապա ինչո՞ւ կարգավորման
ուղղությամբ քայեր ձեռնարկված չեն։