Ավարտվել է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի վեցերորդ խաղափուլը; Տուրում գրանցվել է մեկ հաղթանակ և չորս ոչ-ոքի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միակ հաղթանակը գրանցեց հնդիկ գրոսմայստեր Պրագնանանդան, որը սպիտակներով հանդես եկավ Բենջամին Գլեդուրայի դեմ։ Նիմցովիչի պաշտպանությունում նա ստացավ փոքր առավելություն, որը զարգացնելով հստակ պլանով՝ վերջնախաղում ճնշեց մրցակցին և հասավ իր երկրորդ անընդմեջ հաղթանակին։
Չինացի գրոսմայստեր Քսյու Քսյանգյուն և հայ գրոսմայստեր Արամ Հակոբյանը անցկացրեցին հավասար պայքար, որն ավարտվեց հաշտությամբ։
Հայ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը փորձեց առավելություն ստանալ գերմանացի գրոսմայստեր Դմիտրի Կոլլարսի հետ խաղում, սակայն սևերի ճշգրիտ պաշտպանությունը թույլ չտվեց զարգացնել նախաձեռնությունը, և պարտիան ավարտվեց ոչ-ոքի։
Հնդիկ գրոսմայստեր Արավինդ Չիտհամբարամը և ուզբեկ գրոսմայստեր Նոդիրբեկ Յակուբբոեվն անցկացրին կարճ և հավասար պայքար, որն ավարտվեց հաշտությամբ։
Ամերիկացի գրոսմայստեր Սամուել Սևյանն ու Ջոնաս Բջերը նույնպես ավարտեցին խաղը հաշտությամբ։ Սևյանը մի պահ ուներ փոքր առավելություն, սակայն չկարողացավ այն վերածել իրական հնարավորության, և մրցակիցները որոշեցին ավարտել խաղը հաշտությամբ։
Վեց տուրերից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Պրագնանանդան և Արավինդ Չիտհամբարամը՝ վաստակած 4-ական միավորով։ Նրանց հաջորդում են Արամ Հակոբյանը և Դմիտրի Կոլլարսը՝ 3.5 միավորով։