Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին մերժել է ԱՄՆ-ի միջուկային առաջարկը։ Այս մասին հայտնում է իրանական «Mehr» գործակալությունը։ Իրանի գերագույն առաջնորդն ԱՄՆ-ի առաջարկն անվանել է սպառնալիք ազգային ինքնիշխանությանը և հայտարարել, որ Իրանը շարունակելու է ուրանի հարստացումը: «ԱՄՆ-ի առաջին պահանջն այն է, որ Իրանը չպետք է ունենա միջուկային արդյունաբերություն: Ամերիկայի անհեթեթ պնդումներին մեր պատասխանը հստակ է. նրանք այս հարցում ոչինչ չեն կարող անել։ Միջուկային արդյունաբերությունը մեր մայր արդյունաբերությունն է: Ատոմային արդյունաբերությունն ազդում է բազմաթիվ գիտական ոլորտների վրա: Ուրանի հարստացումը միջուկային խնդրի բանալին է, և թշնամիները կենտրոնացել են հարստացման վրա», - ասել է նա: Ավելի վաղ «Axios» հարթակը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ միջուկային գործարքի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը ենթադրում է անորոշ ժամկետով Իրանի կողմից ուրանի սահմանափակ հարստացման թույլտվություն: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Իրանի հետ Միացյալ Նահանգների հնարավոր գործարքը որևէ ձևով չի նախատեսում ուրանի հարստացում։ ԱՄՆ նախագահը նման հայտարարություն էր արել տարածված այն հաղորդագրություններից հետո, թե Վաշինգտոնի առաջարկը Թեհրանին թույլ է տալիս սահմանափակ հարստացում: Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ բանակցությունների հինգ փուլ են անցկացրել իրանական միջուկային հարցի շուրջ: Վերջինը տեղի է ունեցել մայիսի 23-ին Հռոմում։