«Պիտի մի հայտարարություն անեմ, որը չեմ բացառում, որ կդառնա, ինչպես ասում
են, աղմկոտ։ Իսկ հայտարարությունը հետևյալն է, բարձր աշխատավարձ հիմնականում
80-90%-ով ստանում են նրանք, ովքեր մրցունակ կրթություն են ստացել»։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, Ազգային ժողովում,
2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարել
է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ցածր աշխատավարձ մոտավորապես
80-90%-ով ստանում են նրանք, որոնք չեն ստացել մրցունակ կրթություն»,– պնդել է նա։
Այո՛, սա օրինաչափության նման է՝ ով պահանջված մասնագետ է, ունի մասնագիտական բարձր
որակներ, նրան միշտ էլ, ամբողջ աշխարհում շատ են վճարում։ Ընդ որում սա բնական է՝ անձն,
ով իր կրթության վրա ավելի շատ ժամանակ և միջոցներ է ծախսում, նա պետք է շատ վարձատրվի,
հենց նա պետք է ղեկավար պաշտոններ զբաղեցնի, թիմեր ղեկավարի։
Այս հայտարարությունը բնավ էլ աղմկոտ չէր համարվի, եթե 2018թ-ի իշխանափոխությունից հետո այս սիմետրիան ամբողջությամբ չփոխվեր մեր երկրում։ Նախ բարձրագույն կրթություն չունեցող անձն ընտրվեց երկրի ղեկավար և մրցունակ աշխատավարձով դեռ շարունակում է զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Նիկոլ Փաշինյանի շատ թիմակիցներ, ովքեր, հազարավորների նման, պարզապես ավարտել էին մայրաքաղաքի այս կամ բուհը, սկսեցին զբաղեցել բարձրաստիճան ղեկավարների պաշտոններ։ Նրանք նույնիսկ համապատասխան կրթություն չունեն՝ օրինակ արտաքին գործերի նախարարը պատմաբան է, այլ ոչ դիվանագետ, պաշտպանության նախարարաը պատմության ուսուցիչ է, այնինչ՝ ռազմական կրթությունը, գոնե այս ոլորտում, պարտադիր է, առողջապահության ներկայիս նախարարը իրավաբանական կրթություն ունի և այլն։ Եվ սրանք այն դեպքերը չեն, որ կարելի է ասել. դե լավ մենջերներ են, կառավարման հմտություններ ունեն և այլն։ Նրանց կենսագրությունում միչև 2018թ-ը չկա նույնիսկ փոքր ընկերություններ ղեկավարելու փորձ։ Եթե մարդիկ 20-30 հոգանոց թիմ չեն ղեկավարել, ապա ինչպե՞ս կարող ենք նրանց համարել լավ մենեջերներ, այն էլ այն ոլորտներում, որոնք ուղղակի նեղ մասնագիտական հմտություններ են պահանջում։
Այո՛, այս հարտարարությունը նման ղեկավար կազմ ունեցող երկրի ղեկավարի կողմից հնչեցնելն աղմկոտ է, քանի որ իր երկրում բարձրագույն կրթություն ունեցող, ատեստավորում անցած, տարիների աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչը ստանում է առավելագունը 300 000 դրամ աշխատավարձ։ Գիտնականներ կան, ովքեր պրոֆեսորի և ակադեմիկոսի կոչումներ ունեն, մի շարք գյուտերի հեղինակ են ստանում են էլի առավելագույնը 300 000 դրամ: Ի դեպ, նրանցից մեկին Այրվածաքաբանության կենտրոնում համապատասխան կրթությունից զուրկ տնօրենը բանվորի կամ տեխնիկի հաստիք էր առաջարկում։ Այս ֆոնին իսկապես աղմկոտ է հայտարարությունը, քանի որ ՔՊ-ական կրթություն չունեցող պատգամավորները վարձատրվում են 650 000 դրամ աշխատավարձով։
Ստացվում է, որ երբ Փաշինյանն ասում է «Ցածր աշխատավարձ մոտավորապես 80-90%-ով ստանում
են նրանք, որոնք չեն ստացել մրցունակ կրթություն», նկատի ունի, որ այն 10-20%-ը հենց
ինքն ու իր թիմակիցներն են։ Եվ, այո՛, աղմկոտ է, երբ սրա մասին հենց ինքն է խոսում։