«Հայրենիք» կուսակցությունը որոշում ունի՝ մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին միայնակ՝ առանց դաշինք կազմելու։ Այս մասին «Լուրջ Քաստ»-ի եթերում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նա հայտնեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքն իրավիճակային դաշինք էր, պատերազմից հետո փողոցային պայքար կար, քաղաքական նպատակահարմարությունից որոշում կայացվեց, որ որոշ ուժեր այդ ֆորմատներով մասնակցեն, այդ դաշինքը փաստացի դադարել է լինել, երբ ինքը մանդատը վայր է դրել։
«2022թ․, երբ ես դրեցի իմ պատգամավորական մանդատը, հայտարարեցի, որ «Հայրենիք» կուսակցությունը որոշել է խորհրդարանական գործունեությամբ չզբաղվել, քանի որ Խորհրդարանը վերացել է լինել այն մարմինը, որով մենք արդյունավետ կկարողանանք պայքարել այս իշխանությունների դեմ»,- ասաց Վանեցյանը՝ հիշեցնելով, որ 2021թ․ քաղաքացիները իրենց ձայն էին տվել, որ ազատվեն այս իշխանություններից, ցավոք, ձայները բավարար չեն եղել դրա համար։
Անդրադառնալով ընտրություններին պատրաստվելու հարցին՝ Վանեցյանը նշեց, թե կա՞ արդյոք այնպիսի քաղաքական ուժ, որը չի պատրաստվում խորհրդարանական ընտրություններին, չի կարող լինել այդպիսի ուժ։
«Երբ ասում ենք՝ այս պահին ընտրությունների չենք պատրաստվում, այլ քայլեր են ձեռնարկում այս իշխանություններից ազատվելու, ես դրա բանաձևումը տվել եմ՝ չբացառելով փողոցային պայքարը, որևէ գործողություն, որ կբերի այս իշխանության հեռացմանը՝ մենք միաժամանակ պետք է պատրաստվենք ընտրություններին։ 2026 թիվը կգա, կլինեն ընտրություններ, այդ ընտրություններին, ցավոք սրտի, միայն պատրաստ կլինի իշխանությունը, ու մենք կասենք՝ ինչի՞ այնպես ստացվեց, որ իշխանությունները կարողացան շատ ձայներ ստանալ։ Իսկ սրանց թողնել իշխանության, Հայաստանը չի կարող նման «շքեղություն» երկրորդ անգամ իրեն թույլ տալ, որովհետև սա դասական քաղաքական պայքար չէ, սա ազգային-ազատագրական պայքար է ընդդեմ ներքին թշնամու։ Սա հստակ, շատ սուր, շատ կոշտ ձևակերպում է, որը ես ուզում եմ ևս մեկ անգամ հնչեցնել»,-ասաց Վանեցյանը։
Անդրադառնալով ընդդիմադիր դաշտի պառակտվածությունը՝ Վանեցյանը նշեց, որ ինքը լավ հարաբերություններ ունի բոլոր թիմերի հետ, բոլորի հետ հարաբերություններն առողջ են ու գործընկերային։ Նրա խոսքով՝ իրական ընդդիմադիր ուժերը չեն կարող ունենալ այնպիսի տարաձայնություններ, որն ուղղված է լինելու այս իշխանությունների հեռացմանը, կան տակտիկայի վերաբերյալ տարաձայնություններ, օրինակ՝ մի թիմը մտածում է, որ ամենաարդյունավետ տարբերակն իմպիչմենտի գործիքի կիրառումն է հենց այս պահին, մյուս թիմը մտածում է, որ այդ գործիքը կարելի է օգտագործել, բայց դրա համար պետք են ինչ-որ նախապայմաններ, գլոբալ առումով հիմնական խնդրի շուրջ տարաձայնություն չկա։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ տարաձայնություն ունեցող ուժերը միասնական թեկնածու առաջադրեն Արթուր Վանեցյանին՝ վերջինս նշեց, որ այդ հարցի հասցեատերն ինքը չէ։
«Հրավիրեք այն մարդկանց, որոնք լեգիտիմ իրավունք ունեն վարչապետի թեկնածուի առաջադրում կատարել։ Ինձ հետ որոշակի քննարկումներ եղել են, բայց ոչ հստակ օրակարգով։ Ես կրկնում եմ, Արթուր Վանեցյանը չէ, ով ուզում է լինի, եթե որոշում կայացվի, որ այդ անձի շուրջ պետք է լինեն ինչ-որ զարգացումներ, որը բերելու է Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացմանը, այդ անձն ուղղակի չի կարող հրաժարվել պատասխանատվության տակ մտնելուց»,-ասաց նա։
Աղբյուր՝ Փաստինֆո