Foto

Ես այստեղ եմ որպես ռեկտոր, ոչ թե որպես աստվածաբան․ ԵՊՀ ռեկտորը չցանկացավ գնահատական տալ եկեղեցու շուրջ զարգացումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարան։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հերքեց լուրերը, թե ուսանողներին նախապես հարցեր են տրվել, որ հնչեցնեն վարչապետի հետ հանդիպմանը, նա նշեց, որ ուսանողներն ազատ են, իրենց հետաքրքրող բոլոր հարցերը կարող են տալ։

«Մեր հանդիպումը պայմանավորված է լաբորատորիայի բացումով, ազատ շփումով ուսանողների հետ։ Դիմել ենք  ֆակուլտետներին, տվել են ակտիվ ուսանողների ցանկ, ասել ենք՝ ազատ են բոլոր տեսակի հարցերի համար»,- ասաց նա։

Լրագրողները փորձեցին ստանալ նրա մեկնաբանություն Նիկոլ Փաշինյանի՝ հոգևորականների հասցեին հնչեցրած հայտարարություններին վերաբերյալ։

«Այդ հարցերին ես չեմ պատասխանելու, որովհետև այսօր այլ առիթով ենք այստեղ։ Ես իրավունք ունեմ չպատասխանելու, չեմ պատասխանում»,-ասել է նա։

ԵՊՀ ռեկտորից՝ որպես աստվածաբանի, լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ կարծիքի է իշխանությունների կողմից եկեղեցին թիրախավորելու վերաբերյալ: «Նման մասնագիտական հարցերի հետ կապված չեմ պատասխանելու, որովհետեւ այսօր այստեղ այլ առիթով ենք հավաքված, ես իրավունք ունեմ չպատասխանելու այդ հարցին եւ չեմ պատասխանում: Ես այստեղ եմ որպես ռեկտոր եւ ոչ թե որպես աստվածաբան»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը: