Մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
ՀՀ պաշտպանության նախարարությունն ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
Մայիսի 29-ին ևս ադրբեջանական զինուժը կրակել էր Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով բնակելի տուն էր վնասվել։ Դրանից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Ադրբեջանը հրաժարվել է ընդունել, որ կրակել է Խոզնավարի ուղղությամբ։
«Ադրբեջանից պարզաբանում ենք ուզել, հրաժարվել են, որ դա իրենք են արել»,–ասել էր Պապիկյանը: